Մարզային

Գեղարքունիքում  նորովի  կկահավորվեն երկաթուղագծի որոշ հատվածներ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում  նորովի  կկահավորվեն երկաթուղագծի որոշ հատվածներ

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին եւ նույն ընկերության Սեւանի մասնաճյուղի պետ Արտեմ Սարգսյանին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը զրուցեցին համագործակցության շուրջ իրականացվող անելիքների մասին, քննարկեցին աշխատանքների կազմակերպման հարցում առկա որոշ խնդիրներ, որոնք, մասնավորապես, առնչվում էին Սեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրից դեպի Ցամաքաբերդ թաղամաս տանող երկաթգծի հատման հատվածում ուղեփակոց տեղադրելու եւ շրջակայքը կահավորելու, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամանակահատվածում եւ անասունների շարժի ընթացքում մի քանի հատվածներում երկաթգիծը հատող ճանապարհներ կառուցելու հետ կապված հարցերին:

Կարեւորելով մարզով անցնող երկաթգծի դերը սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ Ալեքսեյ Մելնիկովը նշեց, որ հարկավոր է երկաթգծին հարող հատվածներում ամեն ինչ կարգի բերել եւ տեղադրել համապատասխան նշաններ, ինչի դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել գնացքների անխափան երթեւեկությունը եւ խուսափել վթարային իրավիճակների առաջացումից:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին կարեւորեց առաջ քաշված խնդիրների լուծումը: «Երկաթգծի՝ նորովի կահավորման խնդիրը շատ մեծ նշանակություն կունենա, եւ ես շատ ուրախ եմ, որ երկուստեք տրամադրված ենք՝ այդ տարածքներում ապահովելու առավել անվտանգ իրավիճակ»,- նշեց Գնել Սանոսյանը:

Հանդիպման ավարտին Ալեքսեյ Մելնիկովը նշեց նաև, որ նախատեսված է այս տարվա ընթացքում իրականացնել ուղեփակոցի տեղադրման նախագծային աշխատանքները, իսկ հաջորդ տարի շինարարական աշխատանքներն կավարտվեն ամբողջությամբ:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում