Մշակույթ

Նալբանդյանի ժառանգության թվանշայնացումը՝ այն հանրահռչակելու լավագույն տարբերակ. Նարինե Խաչատուրյան

3 րոպեի ընթերցում

Նալբանդյանի ժառանգության թվանշայնացումը՝ այն հանրահռչակելու լավագույն տարբերակ. Նարինե Խաչատուրյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրության թվանշանային գրադարանը» ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում թվանշայնացրել է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական­դեմոկրատ Միքայել Նալբան­դյա­նի ամբողջ գրական ժառանգությունը:

Նալբանդյանի չափածո և արձակ գեղարվեստական գործերը,

գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածները, մատենախոսությունները և մի շարք այլ նյութեր հասանելի են digilib.am կայքում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ասաց, որ այս նախաձեռնությունը մշակութային ժառանգության պահպանության առումով մեծ նշանակություն ունի և մեծ առավելություններ է տալիս ուսումնասիրողներին, որոնք համակարգչի առջև նստած կարող են հեշտությամբ գտնել իրենց անհրաժեշտ նյութերը:

«Ես շատ ուրախ եմ, որովհետև մենք ցանկանում ենք պետական միջոցներն ուղղել հիմնային, մնայուն, օգտակար, շարունակական ազդեցություն ունեցող կրթամշակութային ծրագրերին, և սա կարծես թե մեր ժառանգության փրկության, պահպանության և մեր հարստությունը հետագա սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու լավագույն տարբերակն է»,- նշեց փոխնախարարը:

Խաչատուրյանը հիշեցրեց, որ Հայաստանում պարբերաբար թվայնացվում է տարբեր ոլորտների մեր ժառանգությունը, բայց նախարարության նպատակը մեկ ընդհանրական պորտալ ստեղծելն ու այն համաշխարհային պորտալին միացնելն է:

«Մեր քաղաքականության հիմքում մշակութային ժառանգության պահպանությունն է, և 21-րդ դարում այդ ժառանգության պահպանման լավագույն ձևը թվանշայնացումն է:

Առհասարակ, մենք երազում և ծրագրում ենք միասնական էլեկտրոնային հարթակ ունենալ: Այդ հարթակը նախատեսված կլինի նյութական, ոչ նյութական, շարժական և անշարժ հուշարձանների, հայոց լեզվի և այլ արժեքների համար: Սա շատ հրատապ հարց է, և ամբողջ աշխարհն է մեր օրերում այդ ուղղությամբ քայլում: Մենք մեծ ներուժ ունենք և ոչ միայն մշակութային ժառանգության առումով, այլև բարձր տեխնոլոգիաների առումով: Մեզ մնում է միայն կազմակերպչական լուրջ աշխատանք կատարել, որպեսզի ակադեմիայի ինստիտուտները, այլ կառույցներ միանան մեր նախաձեռնությանը: Սա մեկ կամ երկու տարվա աշխատանք չէ, բայց բոլոր ճանապարհներն էլ սկսվում են առաջին քայլից»,- եզրափակեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում