Հասարակական

Պատգամավորներն առաջարկում են լուծել խաչմերուկների մոտ դեղատների կանաչ խաչերի առկայության խնդիրը

2 րոպեի ընթերցում

Պատգամավորներն առաջարկում են լուծել խաչմերուկների մոտ դեղատների կանաչ խաչերի առկայության խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել են պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Նարեկ Զեյնալյանը:

«Դեղատների վրա առկա կանաչ խաչերը երբեմն նույնականացվում են լուսացույցի կանաչ գույների հետ: Տրանսպորտային միջոցները նկատելով այդ կանաչ գույնը, մուտք են գործում խաչմերուկ, կարծելով, որ լուսացույցի գույնն է: Կառավարության որոշմամբ սահմանված է, թե ինչպիսին պետք է լինեն այդ խաչերը, որպեսզի նման շփոթ չառաջացնեն: Այս օրինագծով առաջարկում ենք սահմանել վերահսկողություն իրականացնող մարմին, որը կհետևի դեղատների կողմից կառավարության որոշման կատարմանը»,- ասաց Բաղդասարյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ այդ վերահսկողությունը կիրականացնի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

«Եթե դեղատունը կահավորումը առաջին անգամ չի համապատասխանեցնում կառավարության որոշման սահմանված չափանիշներին, կատարվում է նախազգուշացում, եթե 30 օրվա ընթացքում համապատասխանեցում չի կատարվում, տեսչությունը տուգանում է, տալիս ևս 30 օր, եթե ևս 30 օրվա ընթացքում ուղղումները չեն կատարվում, տեսչություն հնարավորություն է ունենում դիմել համապատասխան լիցենզավորման մարմին, որպեսզի կասեցվի դեղատան գործունեությունը, եթե դրանից հետո էլ չի կատարվում, դադարեցվում է դեղատան լիցենզավորումը»,- նշեց պատգամավորը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում