ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ< ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Հարգելի Նուրսուլթան Աբիշի,
ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր 80-ամյա հոբելյանի առթիվ:
Ձեր՝ Ղազախստանի զարգացմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը միտված երկարամյա ջանքերի շնորհիվ արձանագրվել է էական առաջընթաց:
Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը նաև հայ-ղազախստանյան հարաբերությունների ամրապնդման գործում, և ես հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը ի շահ մեր երկրների ժողովուրդների:
Ցավով տեղեկացա կորոնավիրուսային վարակի Ձեր թեստի դրական արդյունքի մասին: Վստահ եմ, որ շատ մոտ ապագայում Դուք կվերադառնաք առօրյա ակտիվ աշխատանքային ռեժիմին և նախանշված ծրագրերի իրականացմանը:
Հարգելի Նուրսուլթան Աբիշի,
սրտանց մաղթում եմ Ձեզ շուտափույթ ապաքինում, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»: