Պաշտոնական

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՄ արդարադատության և տրանսպորտի ոլորտների միջոցառումների կատարումը

2 րոպեի ընթերցում

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՄ արդարադատության և տրանսպորտի ոլորտների միջոցառումների կատարումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստին մասնակցել են նաև ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները քննարկել են 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ արդարադատության և տրանսպորտի ոլորտներում միջոցառումների կատարման ընթացքը: Զեկույցով հանդես են եկել արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Փոխվարչապետը, նշելով, որ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզը բարեփոխումների համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ է, հանձնարարել է հետևել սահմանված ժամկետներին և ապահովել միջոցառումների արդյունավետ և ժամանակին կատարումը:

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ևս մեկ քննարկում 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված դեռևս չքննարկված միջոցառումների շուրջ, մասնավորապես՝ շրջակա միջավայրի ոլորտում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում