Մարզային

Նորատուս համայնքում կկառուցվի համայնքապետարանի շենք, կհիմնանորոգվեն ճանապարհներ 

2 րոպեի ընթերցում

Նորատուս համայնքում կկառուցվի համայնքապետարանի շենք, կհիմնանորոգվեն ճանապարհներ 

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի համայնքապետարանի նոր շենք, ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Սեւանի փողոցի սկզբնամասում եւ վերջնամասում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ համայնքապետարանի շենքի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 32 միլիոն դրամ, որի 45 տոկոսը կամ 14 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 17 միլիոն 600 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը: Սեւանի փողոցի հատվածների ասֆալտապատման նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 21 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 12 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 8 միլիոն 400 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը:

Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի հավաստմամբ՝ երկու ծրագրերի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: «Նորատուսի համայնքապետարանի նոր շենքը կկառուցվի համայնքի արվեստի դպրոցի շենքի տեղում, որը վթարային լինելու պատճառով կքանդվի ամբողջությամբ: Արվեստի դպրոցը կզբաղեցնի համայնքի մշակույթի տան շենքի այն տարածքը, որտեղ գործում է Նորատուսի համայնքապետարանը: Համայնքապետարանի նոր շենքը կլինի միահարկ՝ 150 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ: Սեւանի փողոցից 300 գծամետր ճանապարհ կասֆալտապատվի վերջնամասում, շուրջ 100 մետր՝ սկզբնամասի 13-րդ նրբանցքում: Ասֆալտապատվող հատվածների ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 2200 քառակուսի մետր»,- նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում