Գեղարքունիքից բանակ ճանապարհվեց նորակոչիկների առաջին խումբը
4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից Հայոց բանակ ճանապարհվեց 2020 թվականի ամառային զորակոչի առաջին խումբը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատում նորակոչիկներին հաջողություևներ մաղթեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզային զինկոմ Գեւորգ Մխեյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ եւ հարազատներ:
Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը՝ քաջալերելով նորակոչիկներին եւ նրանց ծնողներին: «Ես մի շատ կարեւոր հորդոր ունեմ բոլորիդ. միջանձնային հարաբերություններ պարզելուց առաջ մտածեք, որ դուք նույն ազգի զավակներ եք, եղբայրներ ու հարազատներ, որ իրավունք չունեք տարբերություն դնել ձեր ծննդավայրերի ու անձերի միջեւ: Դուք պարտավոր եք անզիջում լինել միայն սահմանից այն կողմ գտնվող հակառակորդի հանդեպ, որպեսզի խաղաղ մնա մեր հայրենիքը եւ անխախտ՝ մեր հայրենի հավատը: Հիշեք միշտ, որ ձեր ոգին է անպարտ լինելու, այն ոգին, որ սկիզբ է առել Ավարայրից, փոխանցվել Սարդարապատի ու Արցախյան գոյամարտի հերոսներին ու այժմ ձեզ առաջնորդելու է դեպի սուրբ հայրենյաց սահմանների պաշտպանություն: Մաղթում եմ, որ աշխարհը խաղաղ մնա, իսկ ձեր բազուկները միշտ լինեն զորեղ, անընկճելի»,- նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը: Նորակոչիկներին բարի երթ մաղթեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Ի տարբերություն նախորդ տարիների զորակոչների՝ այս զորակոչն ընթանում է արտակարգ դրության պայմաններում: Նախկինի համեմատ թեեւ այն քիչ է հանդիսավոր, մարդաշատ ու տոնական, սակայն նկատելի է նորակոչիկների եւ նրանց ծնողների ու հարազատների բարձր տրամադրությունը: Ելնելով համավարակի կանխարգելման անհրաժեշտությունից՝ խնդրում եմ պահպանել սահմանված կարգը, խուսափել մարդաշատ հավաքներից և այլ կարգի միջոցառումներից: Ուզում եմ կրկին հիշեցնել ու կարեւորել մեր բանակում հաճախակի նկատված ցավալի դեպքերի մասին, որոնք կապված են միջանձնային հարաբերությունների հետ: Միշտ հիշեք, որ ձեզ ամեն վայրկյան անհամբեր տանը սպասում են ձեր հարազատները: Հիմա, արտակարգ դրության այս պայմաններում ձեզ երկու կարեւոր բան եմ մաղթում՝ առողջ լինեք, պատվով ծառայեք ու տուն վերադառնաք: Ես ավելի քան վստահ եմ, որ մենք ձեզ կընդունենք որպես ավելի կոփված, դաստիարակված ու կայացած, կյանքի մեծ դպրոց անցած մարդկանց»,- նորակոչիկներին դիմեց մարզպետը:
Իրենց մաղթանքի խոսքերն ասացին նաեւ նորակոչիկների ծնողները: «Ես այսօր հուզմունքով ու հպարտորեն Հայոց բանակ եմ ճանապարհում իմ որդուն, որը տան մինուճար տղան է՝ չորս քույրերի միակ եղբայրը: Նրա հետ բանակ են մեկնում նաեւ մեր համայնքի այն տղաները, որոնց դպրոցում պատմություն եմ դասավանդել ու հայրենասիրություն քարոզել: Վստահ եմ, որ նրանք կարդարացնեն մեր սպասելիքները եւ պատվով տուն կվերադառնան: Աշխարհին մաղթում եմ խաղաղություն, մեր զինվոր զավակներին՝ բարի, անվտանգ ծառայություն»,- նշեց Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն, մանկավարժ Թաթուլ Ալոյանը:
Հավաքվածների բուռն ու երկարատեւ ծափահարությունների ներքո նորակոչիկների առաջին խումբը ճանապարհվեց Հայոց բանակ: Հուլիսին նորակոչիկները բանակ կմենկնեն նաեւ մարզային զինկոմիսարիատի Սեւանի, Վարդենիսի, Ճամբարակի, Գավառի բաժանմունքներից: Ամառային զորակոչը մարզում կշարունակվի մինչեւ օգոստոսի 1-ը:
Խոսրով Խլղաթյան