ԲԸՏՄ-ն Հրազդանում արձանագրել է սոցիալական հեռավորությունը չպահպանելու դեպքեր
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն ՀՀ պարետի թիվ 139 որոշման՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ հունիսի 28-ին հերթական մշտադիտարկումն իրականացրել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, պուրակներում, հրապարակներում, հուշարձանների հարակից տարածքներում կատարված շրջայցերի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր: «Հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները զրուցել են խմբված՝ չպահպանելով անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը: Հրազդան քաղաքում դիմակները սխալ կրող, կուտակումներ առաջացնող քաղաքացիները նախազգուշացվել են: Վարակից առավել արդյունավետ պաշտպանվելու նպատակով կտորե դիմակներ կրողներին տրամադրվել են բժշկական եռաշերտ դիմակներ:
Տեսչական մարմնի աշխատակիցներն իրազեկման աշխատանքների ընթացքում հորդորել են խստորեն պահպանել COVID-19-ով պայմանավորված հակահամաճարակային կանոնները, նաև հիշեցրել, որ առանց դիմակի դրսում գտնվելու հնարավորություն ունեն միայն սպորտով զբաղվողները և մինչև 6 տարեկան երեխաները։
ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է 1 արձանագրություն՝ դիմակ չկրելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: