ՇՎՏՄ-ն մշտադիտարմներ է իրականացրել Կոտայքի մարզում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հունիսի 28-ին մշտադիտարկում է անցկացրել Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզի այլ շրջաններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ են հայտնաբերվել որոշ բենզալցակայաններում և գազալցակայաններում: «Նշված տնտեսվարողների մոտ հիմնականում բացակայել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:
Հիշեցնենք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: