Սա պատմական քայլ է, ՍԴ ճգնաժամի լուծում է. Վահե Գրիգորյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
5 րոպեի ընթերցում
![Սա պատմական քայլ է, ՍԴ ճգնաժամի լուծում է. Վահե Գրիգորյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/06/1019726.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունների ընդունումը, որի համաձայն փոխարինվում են ՍԴ նախագահն ու ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած ՍԴ-ի անդամները, համարում է համարձակ ու պատմական քայլ, որն ըստ նրա լուծում է Սահմանադրական դատարանի ճգնաժամը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում:
«Ես համարում եմ, որ սա Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծում է: Եվ միանշանակորեն ողջունում եմ ԱԺ այս քայլը: Սա համարձակ քայլ է եղել տարբեր պատճառներով, իմ կարծիքով սա պատմական քայլ է եղել: Դրա պատմականությունը կայանում է նրանում, որ նախ առաջին անգամ ԱԺ-ն, հանդես գալով սահմանադրի անունից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով, այդ փոփոխությունը նվիրել է հենց բարձրագույն դատական ատյանին՝ Սահմանադրական դատարանին՝ դրանով ընդգծելով հենց ՍԴ-ի կարևորությունը Հայաստանի պետական իշխանության մարմինների համակարգում և այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա է լուծման»,-ասաց Գրիգորյանը:
Նա նկատեց, որ այս պահից ՍԴ-ում արդեն կա 6 դատավոր: Անդրադառնալով ԲՀԿ-ի դիմումին, այն տեսակետներին, թե դիմումի համար անհրաժեշտ պատգամավորների ստորագրությունների թիվը վիճելի է, նա նշեց, որ իր կարծիքը հայտնի կլինի, երբ դիմումի ընթացակաարգի որևէ փուլում ինքը մասնակից կլինի այդ գործին: «Եթե նման դիմում կա, նշանակում է, որ ընթացակարգ է լինելու և դատավորներն իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն, իսկ դատավորն իր դիրքորոշումն արտահայտելու է համապատասխան ակտերով»,-նշեց նա:
Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» նախաձեռնեց ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի կողմից ընդունված այդ որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Խմբակցությունը դիմել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը: ԼՀԿ-ն հունիսի 24-ի ասուլիսում, թեև նշեց, որ Սահմանադրական փոփոխությունները, ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում մինչև 2րդ ընթերցումը անպայմանորեն պետք է ուղարկվեն ՍԴ՝ եզրակացության համար, և այն փաստը, որ չի ուղարկվել, ակնառու խախտում է, ու հարցը պետք է դառնա քննարկման առարկա, այնուամենայնիվ, այդ փուլում չեն միանում ԲՀԿ-ի ստորագրահավաքին, իրենք կդիմեն միայն ՍԴ-ում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո:
«Բարգավաճ Հայաստան»-ի քարտուղար Արման Աբովյանը հունիսի 25-ի ուշ երեկոյան հայտնեց, որ խմբակցության պտագամավորները և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այդ դիմումն ուղարկել են ՍԴ: «Բարգավաճ Հայաստան»-ն ԱԺ-ում ունի 25 պատգամավոր, այսպիսով Տիգրան Ուրխանյանի հետ միասին պատգամավորների թիվը դառնում է 26: Սակայն մինչև այդ նշվում էր, որ անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, հունիսի 25-ից երեկոյից այս հարցը քննարկվում է, «Իմ քայլը» -ի պատգամավորները իրենց Ֆեյսբուք-ի էջերում, կարծեք թե, անհամաձայնություն են հայտնել՝ ըստ էության նշելով, որ 26 պատգամավորները բավարար չեն՝ այդ հարցով ՍԴ դիմելու համար :
Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։
Աննա Գրիգորյան