Հասարակական

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը կանցնեն համընդհանուր ներառական կրթության

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը  կանցնեն համընդհանուր ներառական կրթության

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերից կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը համընդհանուր ներառական կրթության անցմանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր, հանդիպել մարզային ղեկավարների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ներառական և ոչ ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրեններ, սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ, դպրոցների կառավարման խորհուրդների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դեռևս մարտից սկսված նախապատրաստական աշխատանքների հիման վրա արդեն հաստատվել են Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հատուկ դպրոցների վերակազմավորման կառավարության որոշումները: Նոր ուսումնական տարում հատուկ դպրոցների շուրջ հարյուր սովորողներ կտեղափոխվեն հանրակրթական դպրոցներ՝ ստանալով անհրաժեշտ ծառայություններն ու մասնագիտական աջակցությունը:

Այցի շրջանակում քննարկվել են հանրակրթական դպրոց տեղափոխվելուց հետո հատուկ դպրոցներում սովորողների սոցիալական կարիքները հոգալու, վերակազմակերպվող հաստատությունների աշխատակիցներին աշխատանքով ապահովելու, ստեղծվող ՏՄԱԿ-ը մասնագետներով համալրելու, դպրոցի շենքը և ուսումնանյութական բազան հետագայում արդյունավետ օգտագործելու հետ կապված հարցեր: Առանձնակի կարևորվել են մասնագիտական վերապատրաստումների և համայնքներում իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցերը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այցելել է նաև Գավառի հատուկ դպրոց, ծանոթացել շենքային պայմաններին և այնտեղ սովորող աշակերտների հանրակրթական դպրոցներ տեղափոխելու գործընթացին:

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից Գավառի hատուկ դպրոցը կվերակազմավորվի Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ)։ Կենտրոնը մանկավարժահոգեբանական աջակցություն կցուցաբերի մարզի ուսումնական հաստատություններին` նպաստելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանը։

Կատայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ մարզը ներառական կրթության մեծ փորձառություն ունի. կան մասնագիտական պատրաստված թիմ և բավարար ռեսուրս ունեցող դպրոցներ, որոնք կարող են աջակցել մարզի անցմանը համընդհանուր ներառման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում