Վերին Գետաշեն գյուղում կասֆալտապատվի յոթ փողոց
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի յոթ փողոց՝ 3 700 գծամետր ընդհանուր երկարությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 136 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 81 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 54 միլիոն 400 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը:
Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանի հավաստմամբ՝ ասֆալտապատվելու են համայնքի Ա թաղամասի 1-ին, Բ թաղամասի 3,5, 6, 9, 11,13 փողոցները: «Համայնքի կողմից որպես ներդրող մասնակցում է բարերար Արտավազդ Սիմոնյանը՝ 13 միլիոն դրամ ներդրումով: Այդ դեպքում համայնքապետարանի մասնակցությունը ծրագրին կազմում է 41 միլիոն 400 հազար դրամ: Ասֆալտապատվող փողոցների ընդհանուր մակերեսը կկազմի 13 հազար 100 քմ: Ջրահեռացման համակարգ կկառուցվի ասֆալտապատվող այն փողոցներում, որտեղ այն բացակայում է: Շինարարական աշխատանքների մրցույթը ամփոփված է, աշխատանքները մեկնարկել են այս շաբաթվա սկզբին: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 115 միլիոն դրամ: Այս կենսական նշանակության ծրագրի ավարտով արդեն մեր համայնքում կունենանք ավելի քան 65 տոկոսով հիմնանորոգված ու ասֆալտապատ ճանապարհներ: Կանենք հնարավորը, որպեսզի մեկ-երկու տարվա ընթացքում ունենանք ամբողջովին հիմնանորոգված ներհամայնքային ճանապարհներ»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան