Ծովագյուղում կբարելավվի ջրամատակարարման համակարգը
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում այս տարվա ընթացքում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 132 միլիոն 429 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 92 միլիոն 697 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 39 միլիոն 724 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ծովագյուղի համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնովին կբարելավվի համայնքի ջրամատակարարումը:
«Ջրամատակարարաման հիմնախնդիրը համայնքում առկա է վաղուց, որը խոչընդոտում է բնակիչների կենսական խնդիրների լուծմանը: Բնակիչների համար առաջնահերթ խնդիրներից մեկն է համարվում ջրամատակարարման համակարգի բարելավումը: Խմելու ջրի ջրավազանները սնուցվում են Այծեմնասար եւ Բեթղեհեմ սարերից, սակայն չեն բավարարում բնակչությանը: Առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է Բեթղեհեմ սարից սնուցվող արտաքին վնասված եւ հին մետաղական 6 կմ երկարության, 150 մմ տրամագծով խողովակաշարը փոխարինել նոր մետաղապլաստե 6 կմ երկարության 160 մմ տրամագծով խողովակաշարով, ինչը հնարավորություն կընձեռի կարգավորիչ ջրավազան ջրամատակարարումը ավելացնել եւս 3-4 ժամ տևողությամբ: Դրա շնորհիվ հնարավոր կլինի Բեթղեհեմ սարից սնուցվող ջրագծից նոր կառուցվող ջրագծով միացում կատարել Այծեմնասարից օգտվող ջրավազանին, որի շնորհիվ էլ Այծեմնասարից օգտվող բնակիչների համար կապահովի 5-6 ժամ տեւողությամբ ջրամատակարարում: Բացի այդ, անհրաժեշտ է վերանորոգել Բեթղեհեմ սարից սնուցվող 350 տոննա տարողությամբ անսարք ջրավազանը: Միաժամանակ անհրաժեշտ է կատարել Բեթղեհեմից սնուցվող ջրավազանից օգտվող բնակիչներին մատակարարվող ջրագծի ներքին ցանցի մետաղական խողովակների փոխարինում մետաղապլաստե խողովակներով` 4 կմ երկարությամբ, 75-40 մմ տրամագծով, քանի որ նախկին մետաղական խողովակները օգտագործման համար դարձել են ոչ պիտանի, իսկ ցանցում ահռելի են ջրի կորուստները: Ընդհանուր առմամբ, այս ծրագրով համայնքում կկառուցվի 10 կմ երկարության ջրատարի արտաքին ու ներքին ցանց: Ջրավազանների հարակից տարածքում անհրաժեշտ է կատարել ցանկապատի կառուցում: Ծրագրի շրջանակում կկատարվի նաեւ ջրաչափիչ սարքերի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-նշեց Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը:
Խոսրով Խլղաթյան