Պաշտոնական

Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում հայտնել է, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հարգելի պարոն նախագահ,

Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև:

Ինձ համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին: Վստահ եմ՝ մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ հետևելու են այդ հանդիսավոր միջոցառմանը՝ մտովի գնալով հեռավոր 1945 թվականը, երբ մեր պապերը հպարտ քայլով անցնում էին Կարմիր Հրապարակով: Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է: Հիշողությունն այդ մասին միավորում է մեր ժողովուրդներին և անսասան հիմք ստեղծում ապագա սերունդների բարեկամության համար:

Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը:

Ընդունեք, պարոն նախագահ, քաջառողջության և Ձեր գործունեության մեջ հաջողությունների իմ լավագույն մաղթանքները»,- ասված է նամակի մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում