Հասարակական

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի պատճառը եղել է կայծակը

2 րոպեի ընթերցում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի պատճառը եղել է կայծակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածում բռնկված հրդեհի պատճառը կայծակն է եղել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

«Երեկ հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խաչաձոր» տեղամասում: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների և ԱԻՆ հրշեջ փրկարարների արջակցությամբ հրդեհը, որի բռնկման պատճառը եղել էր կայծակը, հանգցվել էր երեկոյան ժամը 20:00-ին: Մոտավորապես այրվել է 4,5 հեկտար տարածք (գիհու նոսրանտառ)»,- նշել է Գրիգորյանը և հավելել, որ իրավիճակն ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ:

Նա հայտնել է, որ ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածում հրդեհը բռնկվել էր հունիսի 18-ին, որի մասին ահազանգը ստացվել էր ժամը 14:41-ին։ Նույն օրը երեկոյան բռնկված հրդեհը մեկուսացվել էր։

Խոսրովի անտառ պետական արգելոցում խոշոր հրդեհ էր բռնկվել 2017 թվականին, սակայն հրդեհի առաջացման ստույգ պատճառը մինչև այսօր հայտնի չէ։ Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին (անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում) մասի և 186-րդ հոդվածի 2-րդ (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) մասի հատկանիշներով։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում