Մշակույթ

Շնորհակալ եմ բոլոր աջակիցներիս. Մարիաննա Գևորգյանը WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնի եզրափակիչում

3 րոպեի ընթերցում

Շնորհակալ եմ բոլոր աջակիցներիս. Մարիաննա Գևորգյանը WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնի եզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանոնահար Մարիաննա Գևորգյանն անցել է WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երաժիշտն ասաց, որ շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր օնլայն քվեարկությամբ սատարել են իրեն:

Մրցույթի կազմակերպիչները շնորհավորել են Մարիաննային՝ նշելով, որ նա վառ և տաղանդավոր անձնավորություն է, որն իրեն նվիրել է արվեստին և իր յուրահատուկ վարպետությամբ, դերասանական հմտություններով և հետաքրքիր երկացանկով գերել է հեղինակավոր մրցույթ-փառատոնի երկրպագուներին և հեռուստադիտողներին: Ըստ կազմակեպիչների՝ Մարիաննան իր արվեստով նպաստում է հայկական մշակույթը պահպանելուն և ներկայացնելուն:

Քանոնահարուհին տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 16 մլն մարդ՝ 151 պետությունից: Հունիսի 18-ից մեկնարկում է եզրափակիչում հաղթելու համար նախատեսված քվեարկությունը, որը տևելու է մինչև հունիսի 28-ը: Երաժիշտը հայտնեց, որ իրեն պետական մակարդակով աջակցություն է հարկավոր:

Մարիաննա Գևորգյանի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է մուտք գործելWORLD FOLK VISION կայք, գրանցվել և տասը բալ տալ Հայաստանի օգտին:

Քվեարկությանը կարելի է մասնակցել՝անցնելովհղմամբ։

Օնլայն հարթակում անցկացվող մրցույթին մասնակցելիս Մարիաննաններկայացրել է ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը:Ընտրությունը տևել է մեկ ամիս: Մրցույթին մասնակցել է 115 երկրի ներկայացուցիչ, բայց 3 950 մասնակցից կիսաեզրափակիչ է անցել 180-ը` 60 երկրից: Նրանց թվում են նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ:

«Գրեթե բոլոր երկրներում քանոն նվագարանը կա, բայց այդ երկրների նեկայացուցիչներից և ոչ ոք քանոն նվագարանով չի մասնակցում մրցույթին, ինչը շատ ուրախալի է: Եթե անկեղծ լինեմ, շատ եմ ուզում հաղթել»,-խոստովանել էր Մարիաննան:

Մարիաննա Գևորգյանը սովորել և գերազանցությամբ է ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հանրապետական, միջազգային մրցույթ-փառատոնների ոսկե մեդալակիր է: Աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժտության համույթում (գեղարվեստական ղեկավար՝ Ս. Երկանյան):

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում