ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 13-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացել, որ Երևանի նախկին«Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի տանիքում և 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերի պատշգամբներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին, մարվել՝ 18։56-ին: 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերի պատշգամբներում (յուրաքանչյուրը 10 քմ) այրվել են տնտեսական իրեր, իսկ տանիքից՝ 50 քմ հատված։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները տարհանել են 25 բնակչի, իսկ հոգեբանը տեղում 8 քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Անինա Խ․-ն (մոտ 20 տ․) ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Շտապօգնության աշխատակիցները բնակիչներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։