Հասարակական

«Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագիրն առաջիկա 5 տարում կշարունակվի

3 րոպեի ընթերցում

«Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագիրն առաջիկա 5 տարում կշարունակվի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կայուն դպրոցական սննդի ներդրմանն ուղղված համագործակցության շրջանակը կարգավորելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև 2020 թվականի հունիսի 12-ին ստորագրվել է մտադրությունների նամակ՝ «Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագրի՝ հետագա հինգ տարվա իրականացման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մտադրությունների մասին նամակը նախատեսում է գործընկերության համակարգող մարմնի ստեղծում, ինչպես նաև ճանապարհային քարտեզի մշակում՝ Հայաստանում կայուն դպրոցական սննդի ներդրմանն ուղղված համագործակցության շրջանակը և երկարաժամկետ հարաբերությունները կարգավորելու համար: Բացի այդ, կհաստատվի համատեղ տարեկան գործունեության պլան:

Ընդլայնված համագործակցությունը առաջիկա տարիների համար ներառում է նաև առողջ սննդի տեղական արտադրության կազմակերպում, բոլոր շահառու երեխաների համար տաք սննդի ապահովում, ոչ միայն ՊՀԿ շահառու չորս, այլ նաև արդեն Ազգային ծրագրին փոխանցված վեց մարզերում դպրոցական խոհանոցների վերանորոգման և սարքավորումներով հագեցման լրացուցիչ աշխատանքներ, ինչպես նաև կայուն դպրոցական սննդի կազմակերպման և մշտադիտարկման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև ստորագրված համաձայնագրով 2010 թվականից Հայաստանում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ։ Ազգային ծրագրի շրջանակում սնունդ է տրամադրվում տարրական դասարաններ և նախապատրաստական խմբեր ունեցող հանրակրթական դպրոցներին ՀՀ բոլոր մարզերում: Գործընկերության արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտները ապահովվել են առողջ սննդով՝ առողջության ամրապնդման և աղքատության հաղթահարման գլոբալ համատեքստում՝ ելնելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից 2-րդով՝ Հայաստանի Հանրապետության հանձնառությամբ։

ՀՀ կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև 2020 թվականի ապրիլի 30-ին կնքված համաձայնագրով ամրագրվում է առաջիկա տարիներին համագործակցության ընդլայնման լայն օրակարգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում