Հասարակական

ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու հարցով

2 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու հարցով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կապի մեջ է իշխանությունների ներկայացուցիչների հետ` ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու հարցով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ Երևանի գրասենյակի հաղորդակցության և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց.«Մենք կապի մեջ ենք համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ տվյալ հարցով։ Ինչպես գիտեք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, որպես չեզոք միջնորդի, իրավասությունների շրջանակում է այցելությունը հակամարտության առնչությամբ ձերբակալված անձանց` նրանց հանդեպ վերաբերմունքը, պահման պայմանները վերահսկելու նպատակով և հնարավորություն տալու կապ հաստատել ընտանիքի հետ»։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները։

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը հայտնել էր, որ հունիսի 12-ի առավոտյան Արեգունի գյուղում է հայտնվել Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Նովոսարատովկա գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Էլշան Ռասուլ Օղլի Ալիեւը: Ադրբեջանցուն առաջինը նկատել է գյուղի բնակիչներից մեկը, որը Արեգունու ամառային ճամբարի պահակն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում