Հայաստանի և սփյուռքի բուժաշխատողները համատեղել են ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, ապրիլի 2-ից սկսած՝ ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի, Հայկական միջազգային բժշկական կոմիտեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ մեկնարկել է բժշկական վեբինարների շարք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, մասնակցում են Հայաստանի և սփյուռքի առողջապահության ոլորտի այն ներկայացուցիչները, որոնք այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են: Մասնագիտական վեբինարների նպատակն է քննարկել համավարակի կանխարգելման և բուժման ընթացակարգերը, հատուկ դեպքերի համար բուժման հնարավոր մոտեցումները, ինչպես նաև կատարել փորձի փոխանակում, ընդլայնել համահայկական բժշկական ցանցը, հասանելի հարթակում համախմբել ամբողջ աշխարհից նախաձեռնությանը միացած պրոֆեսիոնալների բժշկական մասնագիտական ներուժը:

Մինչև օրս իրականացվել են 19 վեբինարներ, որոնք ընդգրկել են վիրուսին առնչակից այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կրիտիկական խնամքը, դեղագործությունը, մանկական առողջությունը, ռադիոլոգիան, հղիության վարումը, անհատական պաշտպանիչ հանդերձանքի և վարակի վերահսկման անվտանգությունը, սրտաբանությունը, շտապօգնության բնականոն աշխատանքը, անեսթեզիոլոգիան, էնդոկրինոլոգիան, նյարդաբանությունը, նմուշառման տեխնիկան և այլն:

Քանի դեռ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է, բժշկական վեբինարների այս շարքին Հայաստանից և սփյուռքից գնալով ավելի մեծաթիվ բուժաշխատողներ են միանում. եթե ապրիլին քննարկումներին մասնակցում էր առողջապահության ոլորտի 40 մասնագետ, մայիս-հունիս ամիսներին յուրաքանչյուր վեբինարի ընթացքում մասնակիցների քանակը գերազանցում է 100-ը:

Բուժքույրների մասնակցությամբ վեբինարների հատուկ շարքի կազմակերպչական աշխատանքներին միացել է նաև Բուժքույրների հայ-ամերիկյան ասոցիացիան: Այս համագործակցության արդյունքում սփյուռքից և Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ու Երևանից հարյուրավոր բուժքույրներ հնարավորություն ունեն միանալ մասնագիտական քննարկումներին ու ստանալ նոր փորձառություն:

Մինչ օրս վեբինարները վարել են աշխարհի տարբեր համալսարաններում բարձր որակավորումներ և գիտական աստտիճաններ ունեցող, հայտնի բժշկական հաստատություններում գործունեություն ծավալող սփյուռքահայ բժշկներ:

«Բախվելով կորոնավիրուսի համավարակին՝ ամբողջ աշխարհը դժվարին ժամանակներ է ապրում: Աշխարհի տարբեր կողմերի, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի առողջապահության ոլորտի մեր գործընկերների հետ համատեղ մենք անընդհատ վերագնահատում և թարմացնում ենք մեր միասնական ջանքերը: Առկա նորագույն հարթակների օգտագործման շնորհիվ՝ մենք հեշտությամբ այս համագործակցությունը տեղափոխեցինք վիրտուալ միջավայր, սակայն «դեմ առ դեմ» շարունակեցինք քննարկումներն ու փոխանակվեցինք փորձով և տեղեկատվությամբ: Այս ամենը մեզ թույլ տվեց ավելի լավ հասկանալ իրավիճակը և պատրաստ լինել լավագույն ձևով հոգ տանելու մեր պացիենտների, հարազատների և ինքներս մեր մասին: Մենք շարունակում ենք մեր ջանքերը և շնորհակալ ենք առողջապահության ոլորտի բոլոր այն հաստատություններին և գործընկերներին, որոնք մասնակցում են այս երկկողմանի միջոցառմանը: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել հատկապես ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին և Առողջապահության ազգային ինստիտուտին մեր հասարակությունների փոխադարձ բարեկեցությանն ուղղված այս ռազմավարական գլոբալ ջանքներին աջակցելու համար»,-ընդգծել է Հայկական միջազգային բժշկական կոմիտեի նախագահ Վիգեն Սեպիլյանը:

«Սփյուռքը կարևոր դերակատարություն է ունեցել կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարի հենց ամենասկզբից: Վիրուսի առաջին դեպքերի հայտնաբերմանը զուգահեռ՝ Լոս Անջելեսի հայ համայնքի առողջապահության ոլորտի մասնագետները սկսեցին Հայաստանին աջակցելու նպատակով անհատական պաշտպանիչ միջոցներ գնել: Այս նախաձեռնությունը տեղի և սփյուռքի բուժաշխատողներին մտերմացրեց առավել, քան երբեք: Այն մեր համագործակցության, սփյուռքի համախմբվածության և հայրենիքին աջակցելու պատրաստակամության վառ ապացույցն է»,-նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Վեբինարների ընթացքում մասնագիտական թարգմանության և «Zoom» ծրագրի հաշիվը փոխհատուցվում է «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն»-ից, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից և իրականացվում «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ