Մարզային

Գավառ քաղաքում ասֆալտապատվում է երեք փողոց 

2 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքում ասֆալտապատվում է երեք փողոց 

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում են Արծրունի եղբայրներ, Դաշտոյան եւ Թումանյան փողոցները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Գավառի քաղաքապետարանից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 138 միլիոն 498 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 83 միլիոն 98 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 55 միլիոն 399 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Ծրագիրը մեկնարկել էր նախորդ տարվա ընթացքում:

«Քաղաքի համար շատ կարեւոր ծրագիր է իրականացվում: Նշյալ փողոցները հիմնանորոգման չէին ենթարկվել տասնամյակներ շարունակ, դրանց շահագործումն օր օրի դժվարանում էր, տրանսպորտային երթեւեկությունը մեծ դժվարությամբ էր իրականացվում: Շուտով մենք այս հատվածներում կունենանք միանգամայն բարեկարգ ու ժամանակակից փողոցներ»,- նշեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Շինարարական աշխատանքները վերսկսվել են այս տարվա ապրիլի կեսերից: Դրանք իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանի տեղեկացմամբ՝ ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1 100 գծամետր, մակերեսը՝ մոտ 8 հազար քառակուսի մետր: Մոտ 6 հազար քառակուսի մետր էլ կազմում է ասֆալտապատ մայթերի մակերեսը: «Հունիսի 8-ի դրությամբ կատարվել է ընդհանուր աշխատանքների մոտ 80 տոկոսը: Եթե եղանակային պայմանները թույլ տան, առաջիկա տասն օրում կավարտենք բոլոր աշխատանքները»,- հավաստեց Բաղդասար Նազեյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում