Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին նախորդ տարվանից, կշարունակվեն նաեւ այս տարվա ընթացքում՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 26 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 14 միլիոն դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանի հավաստմամբ՝ շինարարական մրցույթն արդեն հայտարարված է: Հատկացված գումարի շրջանակում կիրականացվի շենքի ներքին հարդարում: «Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ծովինարի մանկապարտեզում իրականացվեցին 30 միլիոն դրամի աշխատանքներ: Հիմնովին փոխվեցին շենքի տանիքը, դռներն ու պատուհանները: Այս տարի կկատարվեն ներքին հարդարման աշխատանքներ: Մանկապարտեզը կբացվի եւ կգործի 100 երեխայի համար»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան