Ինովացիա

Աշխարհում 125 ծրագրեր ջանք են թափում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար

4 րոպեի ընթերցում

Աշխարհում 125 ծրագրեր ջանք են թափում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ներկայում գիտնականներն ու հետազոտողներն աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ավելի քան 125 ծրագրերի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը: Պատվաստանյութեր ստեղծելու համար սովորաբար պահանջվում են տարիներ, ինչպես նաեւ երկար ժամանակ կլինիկական փորձերի համար, սակայն գիտնականները հույս ունեն, որ չափազանց մեծ վտանգ պարունակող այս վարակի դեմ չափազանց մեծ աշխատանքների արդյունքում պատվաստանյութը պատրաստ կլինի մինչեւ եկող տարի:

Մինչեւ պատվաստանյութի վերջնական հաստատումը այն պետք է անցնի երեք փուլ: Ամեն դեպքում կորոնավիրուսի վտանգի պատճառով առաջին վաղ փուլերը համատեղվել են, որպեսզի գործընթացն արագանա: Որոշ պատվաստանյութեր այժմ գտնվում են առաջին եւ երկրորդ փորձարկումների փուլում՝այն փուլում, երբ դրանք փորձարկվում են հարյուրավոր մարդկանց վրա:

ԱՄՆ-ի կառավարության «Կորագծի արագության գործողություն» անվանումը ստացած ծրագիրն ընտրել է պատվաստանյութերի հինգ նախագիծ, որոնց դաշնային բյուջեից հատկացնում է միլիարդավոր դոլարներ պատվաստանյութի հայտնաբերման աշխատանքներն իրականացնելու համար: Աշխատանքները սկսվել են հունվարին`SARS-CoV-2 գենոմի վերծանմամբ: Պատվաստանյութի անվտանգության հետ կապված առաջին փորձերն իրականացվել են մարտին, սակայն ճանապարհին անորոշությունները շատ են: Որոշ փորձարկումներ ձախողվում են, մյուսները տալիս են ոչ հստակ պատասխաններ: Հույսն այն է, որ դրանց մի մասը կարող էամրացնել մարդու իմունային համակարգը, ինչը թույլ կտա օրգանիզմին արտադրելու համար այս վիրուսի դեմ արդյունավետ հակամարմիններ:

Նուբար Աֆեյանի գլխավորած «Մոդերնա» ընկերության պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը սկսվելու է հուլիս ամսին: Ընկերությունը հույս ունի, որ պատվաստանյութը վերջնականապես պատրաստ կլինի 2021 թվականի սկզբին:

Իր պատվաստանյութը զարգացնելու նպատակով գերմանական «BioNTech» ընկերությունը սկսել է համագործակցել Նյու Յորքում գործող «Pfizer» ընկերության, ինչպես նաեւ չինական դեղագործական «Fosun Pharma» ընկերության հետ: «Pfizer»-ը, որը մայիսին է իրականացրել փորձեր մարդկանց շրջանում, հույս ունի մի քանի միլիոն չափաբաժին ստանալ արդեն աշնանը փորձարկելու համար:

Մայիսին ամերիկյան «Inovio» ընկերությունը հրապարակեց մի ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է ԴՆԹ-ի վրա հիմնված իր պատվաստանյութը հակամարմիններ արտադրում մկների օրգանիզմում: ԱՄՆ-ում այժմ արդենանվտանգությանփորձարկումներ են սկսվել մարդկանց շրջանում: Հունիս ամսի վերջից փորձեր կանցկացվեն նաեւ Հարավային Կորեայում:

Ֆրանսիական «Sanofi» ընկերությունը պատրաստվում է ստանալ վիրուսային սպիտակուցներ՝օգտագործելով միջատների բջիջներում արհեստական կերպով ստեղծված վիրուսները: Նպատակն այդ եղանակով իմունային համակարգն ամրապնդելն է: Եթե փորձերը տան դրական պատասխան, ընկերությունն ամեն տարի կարող է արտադրել առնվազն 600 միլիոն չափաբաժին պատվաստանյութ:

Վերջին տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի կառավարությունը կֆինանսավորի երեք փորձնական պատվաստանյութերի ստեղծման աշխատանքները:

Ինչպես երկրի վարակիչ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ավագ փորձագետ Էնթոնի Ֆաուչին է ասել, երրորդ փուլի փորձարկումները, այսինքն, երբ պատվաստանյութի փորձերին մասնակցում են հազարավոր մարդիկ, կսկսվեն հուլիս ամսին Նուբար Աֆեյանի ղեկավարած «Մոդերնա», օգոստոսին` «Oxford/AstraZeneca», սեպտեմբերին` «Johnson & Johnson» ընկերություններում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում