Հասարակական

Դպրոց չհաճախողներին կբացահայտեն ու կուղարկեն կրթվելու

7 րոպեի ընթերցում

Դպրոց չհաճախողներին կբացահայտեն ու կուղարկեն կրթվելու

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին կբացահայտեն ու կուղարկեն կրթություն ստանալու։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) մշակած համապատասխան որոշման նախագիծը դրված է քննարկման եւ մշակվել է՝ նկատի ունենալով 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը։ Ինչպես նաեւ այն, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ եւն)։

Ի դեպ, խորհրդային տարիներին էլ այսպիսի մի կարգ կար. դպրոցահասակ երեխայի տուն այցելում էր թաղային տեսուչը եւ ժամանակ տալիս ծնողին՝ երեխային դպրոց ուղարկելու։ Այն ժամանակ էլ բացատրությունն այն էր, որ խորհրդային երկրում ոչ մի երեխա չի կարող դպրոց չհաճախել։ Ի՞նչ են անելու մեզ մոտ եւ ի՞նչ կարգով։

Նախ հստակեցնենք, թե այս կարգով ովքեր են համարվում պարտադիր կրթությունից դուրս մնացածներ։ Նրանք 6-18 տարեկաններն են, ովքեր հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն չեն հաճախել եւ որեւէ ուսումնական հաստատությունում չեն հաշվառվել։ Կամ՝ որեւէ ուսումնական հաստատությունում սովորած, հաշվառված, սակայն 5 աշխատանքային օր առանց համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու չհաճախածները։ Ուսումնական հաստատություն հաճախած, սակայն ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա ուսումը անավարտ թողած երեխաներն են։

Հիմա՝ պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաներին բացահայտելու (եւ դեպի կրթություն ուղղորդելու) համար ամեն ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում դասարանների կազմավորման ավարտից հետո՝ 2 աշխատանքային օրում ԿԳՄՍՆ-ի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ) կհամեմատի բնակչության պետական ռեգիստրի եւ դպրոցների կառավարման համակարգի տվյալները եւ «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային համակարգում կներկայացնի 6-18 տարեկան այն երեխաների տվյալները, որոնք որեւէ հաստատությունում հաշվառված չեն։ Այս տեղեկատվական բազան հասանելի կլինի կառավարությանը՝ ի դեմս կրթության տեսչական մարմնի, ԿԳՄՍՆ-ի, աշխատանքի եւ սոցհարցերի նախարարության, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահության նախարարության ու ոստիկանության, խնամակալության եւ հոգաբարձության մարմնի, հանրապետական եւ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, սոցիալական դեպք վարողների։

ՏԻՄ ղեկավարն ու տարածքի սոցիալական ծառայությունը 3 աշխատանքային օրում կճշտեն երեխաների կարգավիճակը եւ ուսումնական հաստատություն չդիմելու պատճառները՝ ապահովելով երեխայի դպրոց հաճախելը։ Եթե երեխան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի, ապա ՏԻՄ ղեկավարը պետք է ապահովի երեխայի անհատական ուսումնական պլանի կազմումը՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների միջոցով։

Իսկ ինչ պետք է արվի այն դեպքերում, երբ երեխան որեւէ ուսումնական հաստատությունում սովորել է, հաշվառվել է, սակայն չի հաճախում։ Ըստ ԿԳՄՍ նախարարության մշակած կարգի, եթե երեխան ուսումնական հաստատություն չի հաճախում 5 աշխատանքային օր անընդմեջ, ապա ուսումնական հաստատությունը կառավարման էլեկտրոնային համակարգում պետք է կատարի համապատասխան գրառում՝ նշելով պատճառը։ Եթե չհաճախելու պատճառ նշվում է «սովորողի հիվանդությունը», ապա հայտը տեսանելի է դառնում սոցիալական դեպք վարողին եւ այն բժշկական հաստատությանը, որտեղ հաշվառված է տվյալ երեխան։ Այս հաստատությունն էլ կամ կհաստատի, կամ կմերժի դպրոցի բացած հայտը։

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման» համակարգում հայտեր կարող է ստեղծել նաեւ սոցիալական դեպք վարողը, եթե իր աշխատանքի ընթացքում բացահայտել է երեխայի դպրոց չհաճախելու դեպք՝ անկախ պատճառից։ Հարց է ծագում՝ իսկ ինչ է, այսպե՞ս չէր, դպրոց չհաճախող երեխայով պատկան մարմիննե՞րը չէին հետաքրքրվում։

Ըստ ԿԳՄՍՆ-ի պարզաբանման, համաձայն «Ընտանեկան օրենսգրքի»՝ երեխայի իրավունքների եւ շահերի խախտման դեպքում (մասնավորապես՝ ծնողների կողմից երեխային կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում) երեխայի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու է խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, այն է՝ տեղական ինքնակառավարման մարմինը։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում սակայն արտացոլված չէ համայնքի այդ պարտականությունը։ Մարզպետարանների ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի կանոնադրության մեջ գործառույթ կա՝ իրականացնել հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը՝ նրանց ներգրավելով հանրակրթական ուսումնական հաստատություններում։ «Սակայն նկարագրված չեն մեխանիզմներ, եւ բաժինների ինստիտուցիոնալ կարողությունները չեն բավականացնում այդ գործառույթը լիովին իրականացնելու համար։ Միաժամանակ կանոնակարգված չէ նաեւ դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացը, որի հետեւանքով անհասկանալի է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվությունների իրականացումը երեխաների՝ հանրակրթության մեջ ընդգրկման խնդրում»։

Այնպես որ, բացերը լրացվում են, եւ նպատակը մեկն է՝ յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը։ Եթե մենք չքննարկենք նույնիսկ այս ու այլ կարգեր, որոշումներ, ընթացակարգեր ու մեխանիզմներ, կարող ենք հաստատ ասել ամենակարեւորը. մեր ազգի համար ամոթալի է, որ կարող է լինել դպրոց չհաճախող թեկուզ մեկ երեխա։ Նույնիսկ գաղթի ճանապարհներին մեր երեխաներին ավազի վրա հայերեն տառերն ենք սովորեցրել։ Հայոց դիցարանում դպրության եւ իմաստնության աստված ունենք՝ Տիրը։ Մեր պատմության տարբեր ընթացքներում հաճախ ենք նյութական հարստության փոխարեն մատյաններ փրկել։ Կրթության լույսը մեր արյան ու հոգու մեջ է…

Արմենուհի Մելքոնյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում