ՏԿԵ նախարարությունը 55 մլրդ դրամի խնայողություն է կատարել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2019 թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 55 մլրդ դրամի խնայողություն է կատարել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 195,5 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է` կազմելով 227 մլրդ դրամ: Փաստացի 172 մլրդ դրամի օգտագործում է եղել»,- ասաց նախարարը:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցներով իրականացվել է 163 միջոցառում:
Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Նորայր Շողիկյան