Մարզային

Շողակաթում կկառուցվի այգի-պուրակ

2 րոպեի ընթերցում

Շողակաթում կկառուցվի այգի-պուրակ

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի համանուն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կկառուցվի այգի-պուրակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 371 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 11 միլիոն 867 հազար դրամը ներդնելու է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 504 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի տեղեկացմամբ՝ այգի-պուրակն ընդգրկելու է 1150 քառակուսի մետր տարածք: Այն կառուցվելու է Շողակաթ բնակավայրի կենտրոնում:

«Այգի պուրակում կունենանք կանաչապատ, ծառապատ տարածքներ, նստարաններ, համերգների ու այլ միջոցառումների համար՝ բեմական հատված, շատրվաններ: Սրանով Շողակաթ համայնքի կենտրոնը կդառնա ավելի բարեկարգ ու բարետես, մեր համայնքի բնակիչները ժամանցի ու հանգստի, միջոցառումների վայր կունենան: Այգի-պուրակից կօգտվեն նաեւ մեր համայնք այցելող հովեկները եւ զբոսաշրջիկները: Շինարարության մրցույթը հայտարարված է, արդյունքները կամփոփվեն հունիսի 1-ին»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում