Մշակույթ

Երեխաների պաշտպանության տոնին օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Չիպոլինո» բալետը

2 րոպեի ընթերցում

Երեխաների պաշտպանության տոնին օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Չիպոլինո» բալետը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ժամը 16:00-ին կներկայացնի Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» երկու գործողությամբ մանկական բալետային ներկայացումը:

«Մեր շատ սիրելի փոքրիկներ, այսօր ամենապայծառ տոներից մեկն է: Շնորհավորում ենք ձեզ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Բոլորիդ ցանկանում ենք առողջ, անհոգ և երջանիկ մանկություն, թող ժպիտն ու ծիծաղը միշտ շողան ձեր պայծառ դեմքերին: Վայելե՛ք ձեր մանկությունը և եղե՛ք անհոգ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասվում է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում արված գրառման մեջ:

«Չիպոլինո»-ի դեկորները և հագուստները Ռուսաստանի Մեծ թատրոնից բերվել են մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ: Դիրիժորներն են Հարություն Արզումանյանը, Կարեն Լավչյանը, բեմադրող բալետմայստերը՝ Հենրիխ Մայորովը, բալետային խմբի ղեկավարը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը: «Չիպոլինո»-ի պրեմիերան առաջին անգամ կայացել է 1974 թվականին՝ Կիևում: Հենրիխ Մայորովին անձամբ կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանն է հրավիրել այն բեմադրելու:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում