Պաշտոնական

Պարետատունը պարզաբանել է կրթական որոշ բնագավառներում սահմանափակումները

4 րոպեի ընթերցում

Պարետատունը պարզաբանել է կրթական որոշ բնագավառներում սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետատունը պարզաբանել է կրթական գործունեության որոշ բնագավառներում գործող սահամանափակումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պարետատնից, վերջին օրերին տեղեկատվություն է ստացվում, որ 2020 թվականի մայիսի 14-ից տնտեսական սահմանափակումների մեղմացման շրջանակներում մի շարք մարզական և այլ խմբակներ վերսկսել են իրենց գործունեությունը:

«Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշման համաձայն, շարունակում է ժամանակավորապես սահմանափակված լինել «85.5 Այլ կրթություն» հատվածը:

Պարզաբանման համար նշենք, որ «85.5 Այլ կրթություն»-ը ներառում է կրթական գործունեությունը հետևյալ բնագավառներում՝

Սպորտ

- մարզադպրոցներում, սպորտային խմբակներում, շուրջօրյա մարզաճամբարներում տեսության դասավանդում և գործնական հմտությունների ուսուցում բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, թեթև ատլետիկայի, լողի և այլ մարզաձևերում

- հրահանգիչների, ուսուցիչների գործունեություն տարբեր մարզաձևերում

Ռազմամարզական, մարտարվեստի և այլ արտադպրոցական ուսուցում

- ռազմական, մարտարվեստի, յոգայի խմբակների, կենտրոնների և համանման այլ կազմակերպությունների գործունեություն, նպատակաուղղված կիրառական գիտելիքների ձեռքբերմանը

Մշակույթ

- արտադպրոցական դաստիարակություն և կրթական գործունեություն, որն ուղղված է տեսության դասավանդմանը և գործնական հմտությունների ուսուցմանը երաժշտությունում, գեղանկարչությունում, թատրոնի և արվեստի այլ ձևերում: Այստեղ ուսուցումը դիտվում է որպես հոբբի, հանգիստ և ինքնազարգացում: Այս ենթադասում ընդգրկվող կազմակերպություններն ուսուցման ավարտից հետո չեն տրամադրում մասնագիտական կրթության մասին դիպլոմ կամ աստիճան:

Մասնավորապես ներառում է`

- երաժշտական, գործունեություն

- մանկապատանեկան uտեղծագործական և գեղագիտական կենտրոնների գործունեություն

- պարի դպրոցների (խմբակների) գործունեություն

- թատերական դպրոցների (խմբակների) գործունեություն

- լուսանկարչական դպրոցների (խմբակների) գործունեություն

Վարորդական դպրոցներ

- Ավտոսիրողների վարորդական դպրոցների գործունեություն

- օդային և ջրային տրանսպորտի, այդ թվում` առագաստանավերը, վարման ուսուցում (առանց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար արտոնագրերի և սերտիֆիկատների տրամադրման)

Այլ կրթություն

- Հաշվապահական դասընթացներ

- Օտար լեզուների դասընթացներ

- Համակարգչային դասընթացներ

- Բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

- Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

Ներառում է մասնագիտական որակավորման բարձրացման, ուսուցման և նեղ մասնագիտական հմտությունների ձեռք բերման դասընթացներ, այլ կրթություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում, մասնավորապես՝

- կրոնական ուսուցումը

- ջրային փրկարարների ուսուցումը

- գոյատևման վարժանքների ուսուցումը

- հռետորական արվեստի ուսուցումը

- արագ ընթերցման ուսուցումը

Հորդորում ենք զերծ մնալ արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգավորումները շրջանցելու և/կամ յուրովի մեկնաբանելու պրակտիկայից՝ հանուն մեր քաղաքացիների առողջության և անվտանգության պահպանման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում