Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության խնդիրները քննարկման առարկա
4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում, որը վարեց մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, քննարկվեցին ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի իրականացման ընթացքի հետ կապված մի շարք խնդիրներ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի ղեկավար Դավիթ Մեժլումյանը, նույն ծրագրի բաղադրիչի ղեկավար Կարեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզի ծրագրերի համակարգող Խորեն Բադալյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Լճափ, Հայրավանք, Ծաղկաշեն, Ծակքար, Գանձակ համայնքների ղեկավարները:
Ինչպես խորհրդակցության սկզբում ներկայացրեց Դավիթ Մեժլումյանը, Գեղարքունիքի մարզը հանդիսանում է այս ծրագրի ամենամեծ շահառուն, որտեղ «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի եւ համայնքների համագործակցության արդյունքում գյուղատնտեսության ոլորտում մինչ այժմ ներդրվել է շուրջ 2 միլիարդ 700 միլիոն դրամ: Այդ գումարից 1,6 միլիարդն ուղղվել է արոտների ջրարբիացմանը, 1 միլիարդը՝ գյուղտեխնիկայի ձեռքբերմանը:
«Արոտների ջրարբիացման նպատակով անցկացվել է 93 կլիոմետր երկարության ջրագիծ, տեղադրվել 55 խմոց, համայնքների կարիքների համար ձեռք է բերվել 150 միավոր գյուղտեխնիկա: Ծրագիրն ընթացքի մեջ է եւ կշարունակվի մինեւ 2022 թվականի ապրիլ ամիսը: Այդ ընթացքում Գեղարքունիքի համայնքներում եւս նախատեսվում է նոր ծրագրերի իրականացում, նոր ներդրումներ: Սակայն դրան կարող են արգելք հանդիսանալ որոշ համայնքներում առաջացած պարտքերը եւ համաֆինանսավորման հետ կապված խնդիրները: Որպեսզի ծրագիրը Գեղարքունիքում ունենա շարունակություն, պետք է համայնքները մինչեւ վերջ կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները»,-նշեց Դավիթ Մեժլումյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի գրասենյակի Գեղարքունիքի մարզի ծրագրերի համակարգող Խորեն Բադալյանն իր հերթին նշեց, որ այսօրվա դրությամբ արոտների ջրարբիացման ծրագրերի իրականացման արդյունքում չվճարված պարտքեր են կուտակվել Ծաղկաշեն համայնքում՝ շուրջ 100 հազար դրամի չափով եւ Հայրավանք համայնքում՝ շուրջ 450 հազար դրամի չափով: Գյուղտեխնիկա ձեռք բերելու նպատակով համաֆինանսավորման խնդիրներն առայժմ չեն լուծվում Ծակքար, Ծաղկաշեն եւ Հայրավանք համայնքներում: «Նման չնչին գումարների պարտքի չվճարման դիմաց մարզում կարող են լուրջ ծրագրեր ձախողվել: Մենք համատեղ ուժերով պետք է անենք հնարավորը, որպեսզի մարզի գյուղացիական տնտեսությունների համար կենսական նշանակության ծրագրերը չձախողվեն»,-ընդգծեց Խորեն Բադալյանը:
Լճափ համայնքի ղեկավար Արսեն Հովսեփյանը առաջ քաշեց Լճափի արոտների ջրարբիացման խնդիրը՝ շեշտելով, որ այսօր այն իրենց համայնքի բնակչության համար դարձել է ամենակենսական խնդիրը:
Մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը համայնքների ղեկավարներին ու ծրագրի պատասխանատուներին հորդորեց տեղերում քննարկել ու կարգավորել խնդիրները, գտնել արդյունավետ այնպիսի լուծումներ, որպեսզի «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը Գեղարքունիքի մարզում շարունակվի նոր ու նշանակալի ձեռքբերումներով: Այնուհետ խորհրդակցության մասնակիցների նույն կազմով քննարկումը շարունակվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ: Լճափ ու Գավառ համայնքներում «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի ներդրման համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի եւ ծրագրի ղեկավարի միջեւ ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն:
Խոսրով Խլղաթյան