Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացնում է տոնական ծրագրերը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը վիրտուալ գործունեության ընթացքում բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր է իրականացրել, ինչի արդյունքում թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի հետևորդների թիվը զգալիորեն մեծացել է: Թանգարան-ինստիտուտը յուրօրինակ նախաձեռնություններով է տոնելու նաև Թանգարանների միջազգային օրը, որն այս տարի անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի մասնագետ Սևակ Հակոբյանն ասաց, որ մայիսի 18-ի միջոցառումները մեկնարկելու են «Մեկ օր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում» ծրագրով: «Նախաձեռնության շրջանակում գիդն առցանց շրջայց է իրականացնելու թանգարան-ինստիտուտում: Նա ոչ թե էքսկուրսիա է վարում, այլ ներկայացնում է իր մասնագիտության նրբությունները, խոսում այն հարցերի մասին, որոնք հաճախ են բարձրացնում աշակերտները, պատմում է այն ցուցանմուշների մասին, որոնք հատկապես հետաքրքիր են այցելուներին: Այս ծրագրով փորձել ենք պահպանել կապը գիդի և այցելուների միջև»,-նշեց Հակոբյանը:

ժամը 14։00-ին մեկնարկելու է «Իմ առաջին այցը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» էսսեների մրցույթը:

Այն հնարավորություն է տալիս միասին վերհիշելու, թե երբ է այցելուն առաջին անգամ գնացել թանգարան, ինչն է նրան տպավորել: Մրցույթը կտևի շուրջ մեկ ամիս: Մասնակիցներն էսսեներն ուղարկելու են թանգարան-ինստիտուտի էլեկտրոնային փոստին, և

լավագույն աշխատանքները հետագայում կհրապարակվեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։

Սևակ Հակոբյանը տեղեկացրեց, որ ժամը 17։00-ին, օրվա խորագրին համապատասխան, անցկացվելու է «Կոմիտաս և մշակութային բազմազանություն» հեռավար դասախոսությունը:

Այն կարդալու է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը: «Կարծում եմ՝ այս դասախոսությունը շատ հետաքրքիր է, քանի որ Կոմիտասն այն անձն էր, որը մշակութային բազմազանություն էր ներկայացնում, անդրադառնում էր տարբեր ազգերի երաժշտությանը, ուսումնասիրում և ներկայացնում էր այն աշխարհին»,-շեշտեց Հակոբյանն ու հավելեց, որ բոլոր տեսանյութերը հատուկ տոնի կապակցությամբ են նկարահանվել:

Նրա խոսքով՝ ժամը 20։00-ին ներկայացնելու են «Օրորոցայիններ և ոչ միայն» առցանց համերգը: «Առաջին անգամ դատարկ դահլիճում համերգային ծրագիր ենք կազմակերպել, որի տեսագրությունը մատուցելու ենք ունկնդիրներին: Մեկուսացման շրջանում մեր համերգային բաժնի վարիչը՝ սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, տեսատարբերակով հետևորդներին օրորոցայիններ էր սովորեցնում: Համերգն ամփոփում է այդ ստեղծագործությունները»,-պատմեց Հակոբյանը:

Ժամը 21։00-ին էլ կայանալու է «Արարատի ստվերի տակ» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան:

Ֆրեզնոյի պետական նոր երաժշտության անսամբլի կատարմամբ կներկայացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի պրակտիկանտ, կոմպոզիտոր Ջոզեֆ Պոհիկեանի ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

Անդրադառնալով վիրտուալ հարթակում աշխատանքի արդյունավետությանը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի մասնագետն ընդգծեց, որ «Ֆեյսբուք»-ի էջի հետևորդների քանակը այժմ գրեթե 16 հազար է: Սկզբնական շրջանում վիրտուալ աշխատանքն անսովոր էր, բայց հիմա բոլոր բաժինները համակարգված են աշխատում:

Երեկոյան ժամերին տեղադրում են տարիներ առաջ թանգարանում տեղի ունեցած և սիրված համերգային ծրագրերի տեսաձայնագրությունները: Մարդիկ նայում են դրանք, անպայման մեկնաբանություններ են թողնում: «Որպես «Ֆեյսբուք»-ի օգտատեր պետք է փաստեմ, որ հաճախ եմ հանդիպում տարբեր թանգարանների հետաքրքիր նախաձեռնությունների, որոնք առաջ գրեթե չկային: Երվանդ Քոչարի թանգարանը վիկտորինա էր կազմակերպել, որին մասնակցել եմ: Կարողանում են այնպիսի ծրագրեր մշակել, որոնցում ուզում ես ներգրավվել: Ըստ իս՝ մեր թանգարանները վիրտուալ հարթակում շատ լավ են աշխատում»,- եզրափակեց Հակոբյանը:

Թանգարանների միջազգային օրըհռչակվել էԹանգարանների միջազգային խորհրդի(ICOM - The International Council of Museums)որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսաստանյան պատվիրակության առաջարկությամբ։

1992 թվականից սկսած ամեն տարի Թանգարանային միջազգային օրն ունենում է մի թեմա, և ԻԿOՄ-ը հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում