Առցանց ինտերակտիվ դասընթացի առանցքային թեման Սեւանա լիճն էր
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Բաց ավազան» ենթադրամաշնորհային նախագծի շրջանակում կայացավ առցանց ինտերակտիվ երկօրյա դասընթաց՝ «Գլոբալ եւ լոկալ բնապահպանական հիմնախնդիրներ» թեմայով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագիրն իրականացնող «Բլեջան»ՀԿ նախագահ Լիաննա Ասոյանը, դասընթացի առաջին օրը Գեղարքունիքի մարզի նախագծի մասնակից 20երիտասարդներ իրենց մարզի բնապահպանական հիմնախնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների մասին քննարկման հնարավորություն ունեցան Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ։
«Քննարկման առանցքային թեման Սևանա լիճն էր։ Մարզպետ Սանոսյանը, լինելով մասնագիտությամբ աշխարհագրագետ եւ ունենալով աշխատանքային փորձ բնապահպանության ոլորտում, պատկերավոր եւ հստակ էր ներկայացնում բնապահպանական հիմնախնդիրները, միաժամանակ պատասխանում էր մասնակիցներին հուզող հարցերին։Մարզպետը ներկայացրեց այն հիմնական ծրագրերը, որոնք կյանքի կոչվելու դեպքում կնպաստեն տուրիզմի զարգացմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը եւ մարզի կայուն զարգացմանը»,-նշեց Լիաննա Ասոյանը։
Դասընթացի երկրորդ օրը մասնակիցները կրկին ինտերակտիվ ձեւով քննարկել են իրենց մարզի եւ համայնքի բնապահպանական հիմնախնդիրները։
Արդեն տասներկու տարի Գեղարքունիքի մարզի բնապահպանական հիմնախնդիրներով զբաղվող «Բեջան» ՀԿ նախագահ Լիաննա Ասոյանը եւ Երեւանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը գիտելիքներ են հաղորդել Հայաստանի կողմից վավերացված միջազգային բնապահպանական կոնվենցիաների, գլոբալ եւ լոկալ հիմնախնդիրների մասին։ Հիմնականում խոսվել է Սեւանա լճի պահպանության, կոշտ թափոնների կառավարման, հանքարդյունաբերության ազդեցության նվազեցման, գետային էկոհամակարգերի վրա փոքր ՀԷԿ-երի ազդեցության նվազեցման, Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության թեմաների շուրջ: «Դասընթացի մասնակիցները ներկայացրել են կանաչ եւ խելացի համայնքի իրենց տեսլականը։ Նրանք նկարագրում էին իրենց ապագա ծրագրերը՝ էներգախնայող տեխնոլոգիաներով հագեցած ինֆրակառույցներ, ջերմատնային տնտեսություններում էկոմթերքների աճեցում, էկոդպրոց, էկոհյուրատների ցանց, թափոնների վերամշակում, երկրորդային հումքի օգտագործում եւ այլն։ Ծրագրի ավարտին մասնակիցները կիրականացնեն քայլարշավ-աղբահավաքություն Սեւանա լճի ափերով, որը ենթադրում է մաքուր շրջակա միջավայր ունենալու քարոզչություն»,-հավելեց Լիաննա Ասոյանը։
«Բաց ավազան» նախագիծն իրականացվում է «Բլեջան»բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի ջանքերով՝ «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ եւ տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։
Խոսրով Խլղաթյան