Հասարակական

Բոլոր առաջին դասարանցիների ընդունելությունն առաջին անգամ կլինի առցանց հայտագրման միջոցով

4 րոպեի ընթերցում

Բոլոր առաջին դասարանցիների ընդունելությունն առաջին անգամ կլինի առցանց հայտագրման միջոցով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում բոլոր այն համայնքներում, որտեղ դպրոցը միակը չէ, առաջին դասարանցիների ընդունելությունն առաջին անգամ, տեղի է ունենալու հայտագրման համակարգի միջոցով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրեց առաջին դասարանցիների ընդունելության բոլոր պայմանները։

«Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մենք գործարկել ենք stugum.emis.am հարթակը, որի միջոցով ծնողները պետք է իրականացնեն իրենց տվյալների նախնական գրանցում, որպեսզի ստուգեն համակարգում իրենց երեխայի հետ նույնականացվում են թե ոչ (կան երեխաներ, որոնց ծննդյան վկայականները դեռևս թվայնացված չեն.– խմբ)։ Այս հարթակը այժմ փորձնական է գործարկվում, որպեսզի մինչև բուն հայտագրումը ծնողները կարողանան թվայանացնել իրենց երեխաների ծննդյան վկայականները և խոչընդոտներ չունենան ընդունելության ժամանակ։ Այն ծնողների համար, ովքեր աշխատում են տվյալ դպրոցում, կամ արդեն ունեն սովորող երեխա, համակարգը կգործարկվի հունիսի 1-10-ը։ Դրանից հետո՝ հունիսի 11-ից իրենց երեխաներին հայտագրել կկարողանան բոլոր ծնողները, անգամ նրանք, ովքեր ունեցել են առաջնահերթություն և չեն հասցրել այդ ընթացքում գրանցվել, սակայն՝ արդեն հավասար պայմաններով»,- նշեց Պողոսյանը։

Նա շեշտեց, որ հունիսի 11-ից սկսած մինչև 2021 թվականի մայիս ամիսը համակարգը բաց կլինի, և ծնողները կկարողանան հայտագրել իրենց երեխաներին որևէ դպրոցում։

Անդրադառնալով ծննդյան վկայականների նույնականացված չլինելու հարցին՝ Պողոսյանն ասաց, որ երբ համակարգում չի հայտնաբերվում ծնող-երեխա կապը, առաջարկվում է, որպեսզի ծնողը երեխայի ծննդյան վկայականի թվայնացման համար էլեկտրոնային հարցում ուղղարկի։

«Ծնողը պետք է համակարգում առկա դաշտերից մեկում լրացնի թե որ քաղաքացիական իրավական ակտերի գրանցման գրասենյակում է երեխան ստացել ծննդյան վկայականը։ Եթե երեխան ՀՀ-ում չի ծնվել, ապա դաշտերից մեկում ծնողը նշում է՝ այլ երկիր, ինչից հետո թվայնացումն իրականացվում է ուրիշ ճանապարհով»,- ընդգծեց Պողոսյանը և հավելեց, որ, եթե համակարգում չի գտնվում ծնող-երեխա կապը, համապատասխան մարմնին դիմելուց 3 աշխատանքային օր հետո այն հաստատվում է։

ԿՏԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց նաև, որ գրանցման գործընթացում տեղի է ունեցել լուրջ փոփոխություն՝ ծնողը հայտագրելիս այլևս չի լրացնելու էլեկտրոնային հասցե, այլ գրելու է իր բջջային հեռախոսահամարը և հաղորդագրության միջոցով ստանալու է PIN կոդ։

Ծնողների՝ պլանշետներ, սմարթֆոններ կամ համակարգիչներ չունենալու դեպքում ՀՀ բոլոր համայնքներում կստեղծվեն կենտրոններ, որոնք համապատասխան աջակցություն ցույց կտան ծնողներին։

«Այս պահի դրությամբ արդեն իրականացվել է 18 հազար աշակերտի տվյալների ստուգում, որոնցից մոտ 300-ը ծննդյան վկայականների թվայնացման հարցումներ են»,- ասաց Պողոսյանը։

Առաջին դասարանցիների ընդունելությունը կազմակերպելու նպատակով երեխային առցանց հայտագրելու համակարգը գործարկվել է 2019-2020 ուսումնական տարում՝ Երևանում, այժմ այն տարածվում է ամբողջ հանրապետությունում։

Հայաստանում ընդհանուր առմամբ գործում է պետական և ոչ պետական 1403 դպրոց։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում