ԳԱՎԱՌ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անհայտ անձինք վիրավորական արտահայտություններ են գրել կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին եւ շրջել դարպասի մի հատվածը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետի անձնակազմի գծով տեղակալ Էդիկ Հակոբյանը, քաղաքացու ընտանիքում հոր եւ որդու մոտ կորոնավիրոսի դրական պատասխան է եղել, ինչից հետո նրանք բուժման են տեղափոխվել համապատասխան բուժհաստատություն: Դրանից հետո անհայտ անձը (անձինք) գիշերվա ընթացքում կատարել են անթույլատրելի արարք՝ վիրավորելով տվյալ ընտանիքի արժանապատվությունը: «Մեզ ահազանգել է կորոնավիրոսուվ հիվանդի դուստրը: Պարզվել է, որ անհայտ անձինք շուռ են տվել դարպասի մի հատվածը, իսկ պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» եւ այլ բառեր։ Որոշ բառեր էլ գրեթե չէին կարդացվում: Գրառումները մաքրվել են, իսկ բաժնում նյութեր են նախապատրաստվում կատարվածի վերաբերյալ»,-ներկայացրեց Էդիկ Հակոբյանը:
Խոսրով Խլղաթյան