Մարզային

Գեղարքունիքում կառուցվում է արևային էլեկտրակայան. տարածքների նկատմամբ ճանաչվեց գերակա շահ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում կառուցվում է արևային էլեկտրակայան. տարածքների նկատմամբ ճանաչվեց գերակա շահ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշում կայացրեց Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Գեղամասար համայնքի Արփունք բնակավայրում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` հանրության գերակա շահ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման հիմնավորման մեջ ասված է. «Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը:

Ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է առանց հենարանների տեղակայման համար անհրաժեշտ հողատարածքների ձեռք բերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ:

Այդ տարածքների նկատմամբ բացառիկ` հանրության գերակա շահի ճանաչումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ ծրագրի շրջանակներում կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկություններն ու դիտողությունները և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերը հնարավորինս շրջանցվել են:

Նշված տարածքները ձեռք բերող է հանդիսանում «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ն, սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 30-ն է»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում