Մշակույթ

Միրզոյանական փառատոնի լավագույն մասնակիցների գործերը հեռարձակվեցին առցանց հարթակներում

2 րոպեի ընթերցում

Միրզոյանական փառատոնի լավագույն մասնակիցների գործերը հեռարձակվեցին առցանց հարթակներում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնն այս տարի այլ ձևաչափով անցկացվեց. պատանիներն իրենց ստեղծագործությունները ներկայացրին տեսագրությունների տեսքով, իսկ ընտրված տասը լավագույն ստեղծագործությունները մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մեկ միասնական տեսանյութով հեռարձակվեցին մշակութային հարթակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեքսանդր Տոնիկյանի, Արաքս Աշճյանի, Արմեն Մարգարյանի, Արիանա Վարդանյանի, Գրիգորի Բալասանյանի, Էդգար Մխիթարյանի, Էդուարդ Ալեքսանյանի, Ռուբեն Ավագյանի, Սարգիս Առաքելյանի և Սյուզաննա Աղամալյանի ստեղծագործությունները ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական կոնսերվատորիայի և Հայաստանի կոմպոզիտորների միության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերում:

Լավագույն մասնակիցները արտակարգ դրության ավարտից հետո կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի քաջալերելու պատանի կոմպոզիտորներին անգամ այս օրերին՝ տալով նրանց հնարավորություն լսելի դարձնելու իրենց ստեղծագործությունները մշակութային առցանց հարթակներից:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում