Օպերային թատրոնը շարունակում է օնլայն աշխատանքը. մայիսի 12-ին կներկայացվի «Շոպենիանա» բալետը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որն այս օրերին շատ ակտիվ է վիրտուալ տիրույթում, մայիսի 12-ին առցանց կցուցադրի «Շոպենիանա» բալետային ներկայացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժշտասերները բալետի տեսաձայնագրությունը կարող են դիտել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում՝ ժամը 20:00-ին: Այն հասանելի կլինի 24 ժամ:
Շոպենի երաժշտությանը հատուկ տրամադրություններն են ռոմանտիկ երազկոտությունից և մելամաղձոտ տխրությունից մինչև պայծառ, լուսաշող ուրախությունը: Այս ամենը արտահայտված է «Շոպենիանա» բալետում և մեզ է ներկայանում պլաստիկ կերպարների լեզվով:
Ներկայացման մեջ ընդգրկված են ՀՀ վաստակավոր արտիստուհի Մերի Հովհաննիսյանը, Միլիտոն Կիրակոսյանը, Տաթևիկ Բոլշիկյանը, Արշալույս Մարգարյանը:

Դիրիժորը Հարություն Արզումանյանն է, բեմադրությունը՝ Միխայիլ Ֆոկինի:
ՌԴ Մեծ թատրոնի բեմադրության փոփոխությունն իրականացրել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Տատյանա Նիկիտինան:
Ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հայտնել էր, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մարտի 17-ից մինչև ապրիլի 5-ը «Ֆեյսբուք»-ի իր էջում հեռարձակել է վեց ներկայացում: Միայն օպերային թատրոնին վերաբերող նյութերն ունեցել են326հազար դիտում: Նշված ժամանակահատվածում նյութերի ընդհանուր դիտումների քանակը անցնում է 840 հազարից: Թատրոնի «Ֆեյսբուք»-ի հետևորդների թիվը նշված ժամանակահատվածում ավելացել է 5 000-ով: Այս թվերը ապահովվել են առանց գովազդային աջակցության, առանց հավելյալ ծախսերի:
Անժելա Համբարձումյան