Մարզային

Զոլաքարում ընդարձակվում է գիշերային լուսավորության ցանցը, հիմնանորոգվում մշակույթի տունը

3 րոպեի ընթերցում

Զոլաքարում ընդարձակվում է գիշերային լուսավորության ցանցը, հիմնանորոգվում մշակույթի տունը

ԳԱՎԱՌ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում սուբվենցիոն ծրագրwv ապրիլի վերջերից մեկնարկել են լուսավորության ցանցի ընդարձակման եւ մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, Զոլաքարի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն 28 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 14 միլիոն 313 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 7 միլիոն 707 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը: Զոլաքարի մշակույթի տան ներքին հարդարման աշխատանքների իրականացման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 25 միլիոն 951 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 11 միլիոն 677 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 273 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը:

Համայնքի ղեկավար Արման Ղազարյանի հավաստմամբ՝ երկու դեպքում էլ արդեն հայտնի են մրցույթի հաղթողները, իսկ շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա ապրիլի վերջերին: «Լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 19 միլիոն 928 հազար դրամ: Գյուղի լուսավորության ցանցն ընդարձակվում է հինգ ուղղություններով, շուրջ 6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Մայիսի 11-ի դրությամբ արդեն տեղադրվել է 100 լուսատու: Եթե եղանակային պայմանները չխանգարեն, շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն մայիսի վերջերին: Մշակույթի տան ներքին հարդարման աշխատանքների իրականացման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 23 միլիոն 801 հազար դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են ապրիլի վերջերին: Ծրագրով նախատեսված է հիմնանորոգել մշակույթի տան դահլիճն ամբողջությամբ: Շիանարարական աշխատանքների ավարտ է նախատեսված մինչեւ այս տարվա հոկտեմբեր ամիսը, սակայն դրանք կավարտվեն նախատեսվածից ավելի վաղ: Այս տարվա մարտի 15-ից վերսկսվել են Զոլաքարի մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք ընդհատվել էին անցյալ տարեվերջին: Մանկապարտեզը եւս կառուցվում է սուբվենցիոն ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 276 միլիոն դրամ: Մայիսի 11-ի դրությամբ մանկապարտեզի կառուցման ուղղությամբ արդեն իրացվել է շուրջ 91 միլիոն դրամ, իսկ շինարարությունն ընթանում է ամբողջ թափով: Այն նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ: Շուտով Զոլքարի համայնքապետարանի խնայված միջոցների հաշվին, շուրջ 12 միլիոն դրամի հատկացմամբ, կբարեկարգենք «Չայլաղ» կոչվող թաղամասի փողոցը՝ 570 գծամետր երկարությամբ: Այս ծրագրի շրջանակում փողոցի երկայնքով մեկ կտեղադրվեն մետաղե կիսախողովակներ, ինչի արդյունքում կբարելավվի նաեւ ոռոգման ցանցը, իսկ անբարեկարգ ու դժվարանցանելի ճանապարհի երթեւեկելի մասը կհարթեցվի ու կխճապատվի: Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է»,- աշխատանքների ընթացքը ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում