Հասարակական

Lions Clubs International-ի հայաստանյան ակումբները բուժաշխատողներին կտրամադրեն բժշկական պարագաներ

2 րոպեի ընթերցում

Lions Clubs International-ի հայաստանյան ակումբները բուժաշխատողներին կտրամադրեն բժշկական պարագաներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lions Clubs International (Առյուծների միջազգային ակումբներ) միջազգային մարդասիրական կազմակերպության հայաստանյան ակումբները բժշկական դիմակներ, արտահագուստ և ախտահանիչ նյութեր են տրամադրում բուժաշխատողներին ու քաղաքացիներին։ Հայաստանյան ակումբների անդամները կարել են ավելի քան 3000 դիմակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Lions Clubs International միջազգային մարդասիրական կազմակերպության հայաստանյան ակումբներից,արտահագուստը կփոխանցվի կորոնավիրուսի հետևանքով մեկուսացման ենթակա անձանց տեղափոխման աշխատանքներով զբաղվող մասնագետներին‚ ինչպես նաև՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Արարատ» մասնաճյուղին։

Հայաստանյան ակումբների ներկայացուցիչներն արտահագուստը ձեռք են բերել Lions Clubs International Foundation-ի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով՝ տեղական արտադրողից։

Ակումբի ներկայացուցիչ Տաթևիկ Ասատրյանը նշում է‚ որ բժշկական դիմակները կարվել են ակումբի անդամների կողմից. «Յուրաքանչյուրը կատարել է կոնկրետ աշխատանք, սկզբում դժվար էր, բայց աստիճանաբար վարժվեցինք և արդեն մեզ համարում ենք մասնագիտացած այդ գործում»։

«Տաթևիկ Ասատրյանը տեղեկացնում է նաև‚ որ Առյուծների միջազգային ակումբների հիմնական նպատակն է տեղական ակումբների միջոցով ծառայել համայնքին։ Կորոնավիրուսային պանդեմիայի հայտարարումից հետո մինչ օրս դրա դեմ պայքարին Lions Clubs International-ը հատկացրել է 166 դրամաշնորհ ընդհանուր 3.208.655 ԱՄՆ դոլարի չափով աշխարհի գրեթե բոլոր երկրներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում