Մարզային

Լճաշենի մանկապարտեզը մասնակի հիմնանորոգման կենթարկվի

2 րոպեի ընթերցում

Լճաշենի մանկապարտեզը մասնակի հիմնանորոգման կենթարկվի

ԳԱՎԱՌ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի «Մանչուկ» մանկապարտեզը մասնակի հիմնոնորոգման կենթարկվի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն 270 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 13 միլիոն 354 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 916 հազար դրամը՝ Լճաշենի համայնքապետարանը: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում:

Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանի հավաստմամբ՝ այս ծրագրի իրականացմամբ կամբողջանա մանկապարտեզի հիմնանորոգման վերջին տարիների գործընթացը, և հաստատությունը կաշխատի ողջ ծանրաբեռնվածությամբ՝ 120 տեղով: «Լճաշենի մանկապարտեզն այժմ գործում է երեք խմբերով՝ 90 տեղով: Այս ծրագրի իրականացման արդյունքում կբացվի նաեւ չորրորդ խումբը, որտեղ կընդգրկվեն եւս 30 երեխա: Բացի այս, Լճաշենի համայնքապետարանը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերի մասնակցության եւս երկու հայտ, որոնք գտնվում են հաստատման փուլում: Մի ծրագրով նախատեսվում է փողոցի ասֆալտապատում, մյուսով՝ լուսավորվածության ցանցի ընդարձակում»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում