ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես սահմանվում են այդ հաստատություններ ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 116 «կողմ» ձայն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանիգնահատմամբ՝ նախագիծը հեղափոխական է ոլորտի համար: Առաջարկվող օրենքը բավականին լուրջ փոփոխություն է ենթադրում նախադպրոցական կրթության ոլորտում: Որոշակի սահմանումներ են ավելացվել:
Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքներն են սահմանվել, տարանջատվել են նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները: Ամրագրվել են նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք կամ ավելի երեխա ունեցող, կամ զինծառայողի ծնողների երեխաները:
Վերանայվել է նաև դրանցում երեխաների սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը, ավելացվել են երեխաների իրավունքների դրույթներ: Սահմանվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր բուժզննությունը տարեկան առնվազն մեկ անգամ, մանկավարժական աշխատատեղերի 1/5-ի տարեկան մեկ անգամ պարտադիր վերապատրաստումը: Նախագծում ներառվել են նաև տնօրենի գործառույթները:
Կարգավորվելու է զարգացման կենտրոնների պարտադիր լիցենզավորման հարցը:
Աննա Գրիգորյան