Հասարակական

Պատգամավորները քննարկում են նախադպրոցական համակարգում հեղափոխություն առաջարկող օրինագիծը

3 րոպեի ընթերցում

Պատգամավորները քննարկում են նախադպրոցական համակարգում հեղափոխություն առաջարկող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով կարգավորում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես սահմանվում են այդ հաստատություններ ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում խմբագրումներ են արվել: Արայիկ Հարությունանի գնահատմամբ՝ նախագիծը հեղափոխական է ոլորտի համար: Առաջարկվող օրենքը բավականին լուրջ փոփոխություն է ենթադրում նախադպրոցական կրթության ոլորտում: Որոշակի սահմանումներ են ավելացվել:

«Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքներն են սահմանվել, տարանջատվել են նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները: Մասնավորապես, որպես խնդիր ավելացվել են նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի բարձրացումը, որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների, ներառականության և մատչելիության ապահովումը՝ խելամիտ հարմարեցումների միջոցով և այլն: Ամրագրվել են նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք կամ ավելի երեխա ունեցող, կամ զինծառայողի ծնողների երեխաները»,-ասաց նախարարը:

Սահմանվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունն ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումը և հսկողությունը: Վերանայվել է նաև դրանցում երեխաների սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը, ավելացվել են երեխաների իրավունքների դրույթներ: Սահմանվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր բուժզննությունը տարեկան առնվազն մեկ անգամ, մանկավարժական աշխատատեղերի 1/5-ի տարեկան մեկ անգամ պարտադիր վերապատրաստումը: Նախագծում ներառվել են նաև տնօրենի գործառույթները:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի Սոֆիա Հովսեփյանը նկատեց, որ կարգավորվելու է զարգացման կենտրոնների պարտադիր լիցենզավորման հարցը: Մինչև օրս յուրքանչյուրը կարող էր ԱՁ բացել և պարզապես ծառայություններ մատուցել, որևէ մեկը վերահսկողություն չէր սահմանում, թե ինչ ծառայություն է մատուցվում: «Օրինակ՝ կարող էին պարզապես զբաղվածության համար վերցնել, բայց հետագայում նախադպրոցական կրթություն իրականացնեին, իսկ այս պարագայում արգելվում է, պետք է պարտադիր լիցենզավորում անցնեն: Ծրագիրն իրականացվելու է միայն կրթական չափորոշչի և ծրագրի հիման վրա»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում