Մշակույթ

«Վայելի՜ր երաժշտություն & աջակցի՛ր երեխաներին». հայտնի երգիչները համերգով կօգնեն մարզերի երեխաներին

2 րոպեի ընթերցում

«Վայելի՜ր երաժշտություն & աջակցի՛ր երեխաներին». հայտնի երգիչները համերգով կօգնեն մարզերի երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարբեր մարզերում ապրող երեխաներին տեխնիկական սարքավորումներով ապահովելու նպատակով մայիսի 6-ից երեք օր շարունակ կանցկացվի բարեգործական առցանց համերգ՝ «Վայելի՜ր երաժշտություն & աջակցի՛ր երեխաներին» խորագրով։

Երաժշտական կատարումները հնարավոր կլինի ունկնդրել «Իվորլդ մանկական հիմնադրամ»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում՝ մայիսի 6-ին, 20:30-ից սկսած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման նպատակն է զարգացնել առցանց ուսուցումը մարզերում, ինչպես նաև խրախուսել մարզերի երեխաներին՝ բացահայտելու և կիրառելու առցանց հարթակի կրթական բազմատեսակ հնարավորությունները։

Ծրագիրը բացառիկ է, քանի որ նախաձեռնողները մարզերի երեխաներն են։ Նրանք պարբերաբար դիմել են «Իվորլդ մանկական հիմնադրամ»-ին, որպեսզի տեխնիկական սարքավորումների աջակցություն ստանան իրենց հարևան գյուղերի ընկերների համար։ Արդյունքում կազմակերպվել է վերոնշյալ համերգը: Հավաքված տեխնիկան իրենց գյուղի ընկերներին կբաժանեն այն երեխաները, որոնց նախաձեռնությամբ իրականացվում է միջոցառումը։

Համերգային ծրագրինմիացել են Ռոբերտ Ամիրխանյանը, Վահագ Ռաշը, Միքայել Ոսկանյանը, Անդրե Սիմոնյանը, Քրիստինա Սահակյանը, «Բամբիռ», «Լավ էլի», «YellowStones», «Ոստան հայոց», «Նուրի» խմբերը, Project LA-ը, Արամ MP3-ն, Լիլիթ Բլեյանը, Գարիկ Հայրապետյանը, InRock Quintet-ը, FIX Freedom Is Expensive-ը և այլք:

Նրանք, ովքեր ցանկանում են աջակցել երեխաներին, կարող են ցանկացած գումար փոխանցել Ամերիաբանկի 1570058629070100 հաշվեհամարին: Ստացող՝ «Իվորլդ մանկական հիմնադրամ»: Նպատակը՝ օգնել երեխաներին տեխնիկական միջոցներով։

Կարող են նվիրաբերել նաև համակարգիչ, հեռախոս, պլանշետ (եթե սարքին չեն,կվերանորգվեն)։

Նախաձեռնությունն իրականացնում են «Իվորլդ մանկական հիմնադրամը» և «Մարզերի երեխաները մարզերում» ծրագրի մարզաբնակ ակտիվ երեխաները:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում