Մշակույթ

Կյանքի փոքրիկ քաղցրություններն արժևորելու ժամանակը. երգիչ Լիպարիտ Ավետիսյանը՝ մեկուսացման մասին

5 րոպեի ընթերցում

Կյանքի փոքրիկ քաղցրություններն արժևորելու ժամանակը. երգիչ Լիպարիտ Ավետիսյանը՝ մեկուսացման մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը հատկապես վերջին տարիներին հաճախ է մեկնում հյուրախաղերի, հանդես գալիս տարբեր երկրների հեղինակավոր բեմերում:

Կորոնավիրուսի տարածման պատճատով Լիպարիտ Ավետիսյանն ավելի քան մեկ ամիս մեծ բեմ չի բարձրացել և մեկուսացման օրերն անցկացնում է կնոջ, որդիների hետ, ընտանեկան միջավայրում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տենորը պատմել է կարանտինի բացասական, նաև դրական կողմերի մասին:

-Բոլորս հայտնվել ենք բարդ իրադրությունում, բայց, կարծում եմ, հատկապես ծանր է արտիստների համար: Ինչպե՞ս եք փորձում լցնել պարապը:

-Երեխաներս հնարավորություն չեն տալիս ձանձրանալ կամ տխրել: Երեք տղա ունենք և ամբողջ օրը նրանցով ենք զբաղվում: Անշուշտ, պարապում եմ, քանի որ պետք է նոր դերեր սովորեմ: Այս պահին երեք նոր դեր ունեմ: Ընդգրկված եմ Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում, որը պետք է ներկայացվի «Մետրոպոլիտեն» թատրոնում, Գունոյի «Ֆաուստ» և Բիզեի «Մարգաիրտ որոնողները» օպերաներում:

-Հետաքրքիր է, եթե երգիչը չի տիրապետում այն լեզվին, որով երգում է, ինչպե՞ս է կարողանում լիարժեք փոխանցել հերոսների ապրումները:

-Իտալերեն բավականին լավ եմ հասկանում, իհարկե, խոսելիս դժվարանում եմ: Հուսամ՝ իտալերենն ամբողջությամբ կյուրացնեմ: Ֆրանսերեն և գերմաներեն չեմ խոսում, այդ իսկ պատճառով այդ լեզուներով դերերգերը սովորելը բավականին բարդ է ու ժամանակատար: Մեկուսացման փուլում չեմ կարողանում հանդիպել իմ մարզիչներին, բայց օնլայն տարբերակով աշխատում ենք: Իմ լավ բարեկամ Սերինե Թադևոսյանը, որի հետ սովորել եմ Մոսկվայի կոնսերվատորիայում, ինձ շատ է օգնում ֆրանսերենի հարցում: Թարգմանում ենք և՛ իմ, և՛ խաղընկերոջս տեքստերը, որովհետև պարտադիր է ընկալել ամբողջական նյութը, պետք է հասկանալ, թե երգելիս ինչ ես ասում դու, և ինչ է ասում դիմացինդ: Կարևոր է նաև բառերի արտաբերումը, ինչը բարդ է, բայց՝ հաղթահարելի:

Այս օրերին ստեղծագործող մարդիկ փորձում են հանդիսատեսի հետ կապը պահպանել վիրտուալ ելույթների միջոցով…

- Գրեթե երկու ամիս որևէ բան չեմ արել: Ինձ հաճախ են գրում՝ ասելով, որ ցանկալի է նման ձևաչափով ելույթ ունենալ: Ես հասկանում եմ, որ դա կարևոր է, բայց կարծում եմ, որ այս ընթացքում համացանցի միջոցով կարելի է յուրաքանչյուր ձայնագրություն լսել: Ըստ իս՝ այս փուլում պետք է ավելի շատ ժամանակ հատկացնել մեր ընտանիքներին: Չորս տարի անընդհատ հյուրախաղերի էի և հազվադեպ էի լինում տանը: Ոչ միշտ է հնարավոր երեխաներին հետս տանել, և մենք հազվադեպ ենք շփվում, այդ իսկ պատճառով նախընտրում եմ շատ ժամանակ տրամադրել նրանց:

-Վերջերս մի հումորային տեսանյութ դիտեցի, որում շոումեն Պավել Վոլյան պատմում է, թե ինչ դժվար է մեկուսացման ընթացքում զբաղեցնել երեխաներին: Ձեզ հաջողվո՞ւմ է բավարարել նրանց հետաքրքրասիրությունը:

-Դիտել եմ այդ տեսանյութը: Ասես մեր ընտանիքի մասին խոսեր: Մեծ որդիս չափազանց ակտիվ երեխա է, հետաքրքրվում է ամեն ինչով: Դուք չեք պատկերացնի, թե ինչ քանակությամբ մատիտներ, ալբոմներ, ներկեր եմ գնում նրա համար: Մենք նկարում ենք, գրում, մուլտեր դիտում, պարում ենք, երգում: Օրը շատ բուռն է անցնում: Պետք է խոստովանեմ, որ մեկուսացման սկզբնական շրջանում ինձ համար մի քիչ դժվար էր: Տղաներս շողքի պես հետապնդում էին ինձ ու անդադար հարցեր տալիս: Հիմա սովորել եմ այդ ամենին:

Երբ նայում եմ մեր կյանքին, առօրյային, հասկանում եմ, որ բոլորս շատ խրված ենք աշխատանքի մեջ ու հաճախ բաց ենք թողնում կյանքի փոքր քաղցրությունները: Չեղարկված 22 ներկայացում. բայց հիմա նոր լեզու, նոր դերերգեր սովորելու ժամանակ կա:

Գուցե իմ մարդ տեսակից է, բայց ես սիրում եմ ու փորձում եմ կյանքում ամենալավը տեսնել, քանի որ այդպես երջանիկ ես:

-Ստեղծված իրավիճակը բացասական ազդեցություն ունի ոչ միայն արտադրության, այլև բազմաթիվ այլ ոլորտների վրա: Ըստ ձեզ՝ այն ինչպե՞ս կանդրադառնա արվեստում:

-Կարծում եմ՝ մարդկության դավանած արժեքներն այս ամենից հետո կփոխվեն, կփորձենք վերանայել ամեն բան, գնահատել անգամ ամենափոքր դրական երևույթները, որոնք ժամանակի պատճառով չեն նկատվում, երբեմն անտեսվում են:

Եթե մարդիկ վերանայեն ամեն բան ու դեպի դրականը փոխվեն, դա կարտացոլվի նաև արվեստում:

Ես հույս ունեմ, որ գոնե մեր երկրում շուտով թատրոնները կբացվեն, և երգիչները, երաժիշտները, պարողները, դերասանները կկարողանան բեմ բարձրանալ: Գուցե իսկապես հնարավոր լինի համերգնել կազմակերպել առանց հանդիսատեսի: Շատ եմ կարոտել լիարժեք երգելուն:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Լիպարիտ Ավետիսյանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում