Հասարակական

Մեքենայի լիցքավորման ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատճառով մահացել է 40-ամյա տղամարդ

2 րոպեի ընթերցում

Մեքենայի լիցքավորման ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատճառով մահացել է 40-ամյա տղամարդ

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Աշոցք համայնքում մեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով մահացել է 40 տարեկան տղամարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 2-ի ժամը 21:00-ի սահմաններում Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սեպասար վարչական տարածքում «Բեռնեցյան Ասքանազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում ՎԱԶ-2121 մակնիշի 11 OՍ 224 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն:

Պայթյունի հետևանքով զոհվել է գազալցակայանի լիցքավորող, 1980 թվականին ծնված Միքայել Վազգենի Թովմասյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, պայթյունի հետևանքով վնասվել է նաև այդ պահին լիցքավորվող ՎԱԶ-2107 մակնիշի 36 QV 984 համարանիշի ավտոմեքենան: «Անմիջապես դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Պայթյունը հրդեհով չի ուղեկցվել», -նշեց Ալեքսան Գյոզալյանը:

Դեպքի հանգամանքները ճշտվում են, տարածքում աշխատում են ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը և ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում