Երաժշտություն, որը լավագույնս արտահայտում է մարդկային հույզերը. ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի առիթով հանրահայտ երաժիշտ, կոմպոզիտոր Լուի Արմսթրոնգին հարցրել են, թե ինչ է ջազը: Նա պատասխանել է. «Եթե դուք նման հարց եք տալիս, ուրեմն այն երբեք չեք հասկանա»:

Ազատություն քարոզող ջազը, որն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ, կարողացել է կոտրել բոլոր մշակութային սահմանները՝ դառնալով համամարդկային երաժշտություն:

Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն ընդգծեց, որ 2012 թվականից աշխարհը տոնում է Ջազի միջազգային օրը: «Հիշում եմ, դեռ 2012-ին, երբ Երևանի քաղաքապետարանում էի աշխատում, տոնի կապակցությամբ համերգային ծրագիր կազմակերպեցինք, որը շատ հաջող անցավ: Այն հետաքրքություն առաջացրեց թե՛ երևանցիների, թե՛ հյուրերի շրջանում: Հենց այդ տարի նամակ ստացանք ամերիկացի ջազային դաշնակահար և կոմպոզիտոր Հերբի Հենքոքից, որը մեզ շնորհակալություն էր հայտնում օրը շուքով տոնելու համար»,-պատմեց Մովսեսյանը:

Նա հավելեց, որ ամեն տարի ապրիլի 30-ին Կասկադում համերգային երեկոներ են անցկացրել, իսկ այս տարի Ջազի տոնը կնշեն վիրտուալ հարթակում:

Ապրիլի 30-ին կայանալիք օնլայն համերգին մասնակցելու են Լուսինե Սարգսյանը, Կարեն Գրիգորյան­տրիոն, «Նոր կվինտետը», Ռաֆայել Պետրոսյան­տրիոն, Վահագն Հայրապետյան­ջազ տրիոն, Արմեն Հյուսնունց­կվարտետը, «Birds»-ը և Լևոն Մալխասյանը:

«Համերգը կներկայացնենք «Ֆեյսբուք»-ի՝ Ջազի ասոցիացիայի պաշտոնական էջում: Ցուցադրելու ենք ուղերձներ, շնորհավորանքներ, որոնք ստացել ենք ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Մակեդոնիայից: Ներկայացնելու ենք նաև նախկինում կազմակերպված համերգներից տեսանյութեր: Բնականաբար, այս ամենը չի կարող փոխարինել կենդանի համերգին, բայց ինչ-որ կերպ կփորձենք արդարացնել այն երաժշտասերների ակնկալիքները, որոնք սպասում են այս տոնին»,-ասաց Մովսեսյանը:

Նրա խոսքով՝ տեսնում են, որ ամեն տարի ջազի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, ինչն իրենց շատ է ոգևորում և սահմանափակ բյուջեով անգամ կարողանում են Հայաստան հրավիրել այնպիսի հանրաճանաչ արտիստների, ինչպիսիք են՝ Գոնսալո Ռուբալկաբան, Դավիթյան եղբայրները, Ռիչարդ Բոնան և այլք:

Ըստ Մովսեսյանի՝ ջազը զգացմունքներն արտահայտելու լավագույն միջոցներից է: Երաժիշտը ջազի միջոցով կարողանում է հանդիսատեսին ներկայացնել իր ներաշխարհը:

«Չեմ կարծում, որ ջազից առավել էմոցիոնալ երաժշտություն կա, որն ի զորու է փոխանցել պոռթկումները: Երբ Երևանում Ռուբալկաբայի համերգն էինք կազմակերպում, տեխնիկական հարցերով զբաղվող երիտասարդը իր հետ հավելյալ սարքավորումներ էր բերել: Ես նրան հարցրի, թե որքան գումար պետք է ավելացնել, նա ասաց, որ առհասարակ գումար չի վերցնի, քանի որ Ռուբալկաբան իրեն այնպիսի հույզեր է փոխանցել, որոնք անհնար է գումարով չափել: Իսկ Ռիչարդ Բոնայի համերգից հետո ունկնդիրներից մեկը մոտեցավ՝ ասելով, որ այլևս նման համերգ չկազմակերպենք: Երբ զարմացած հարցրի, թե ինչու, նա պատասխանեց, որ այսպիսի էմոցիաներ չի կարելի արթնացնել»,-պատմեց Կամո Մովսեսյանը:

Անդրադառնալով հայկական ջազին՝ Մովսեսյանը շեշտեց, որ այն մարդիկ, որոնք հիմնել ու պահպանել են հայկական ջազը, նվիրյալներ են: Նվիրյալներ են Արմեն Հյուսնունցը, Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը և այլ ջազային երաժիշտներ, որոնք մեծ ներդրում ունեն այս ոլորտի զարգացման ու պահպանման գործում: «Նրանք մեզ մեծ ուժ են տալիս, ոգևորում»,-շեշտեց ասոցիացիայի նախագահն ու հավելեց, որ Հայաստանում ջազի զարգացման ու տարածման գործում դերակատարություն ունի նաև «Երևան ջազ ֆեստ»-ը: Այս տարի նախատեսում են այն անցկացնել հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին:

2011 թվականի վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև՝ համաձայն որի 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:

Ներկայումս բազմաթիվ հասարակական, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք աջակցում են ջազի զարգացմանը: Այդ գործում նրանց համար հավելյալ«գործիք» է դարձել Ջազի միջազգային օրը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում