Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը և Տոյվո Կլաարը քննարկել են նոր կորոնավիրուսի տարածման մարտահրավերները

2 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանը և Տոյվո Կլաարը քննարկել են նոր կորոնավիրուսի տարածման մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 29-ին հեռախոսազրույց ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերները և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերը:

«Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին: Արցախում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Արցախում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների կարևորությունը մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման տեսակետից:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած տեսակոնֆերանսին, որի արդյունքում ընդունվեց համատեղ հնգակողմ հայտարարություն։ Այս առնչությամբ երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի պայմաններում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում