Հասարակական

Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Մեծ եղեռնի տարելիցին նվիրված միջոցառուների աջակիցներին

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Մեծ եղեռնի տարելիցին նվիրված միջոցառուների աջակիցներին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ եղեռնի 105-րդ տարելիցը։ Հիշատակի արարողություններն ամփոփվեցին 10-ժամյա բացառիկ համերգով Ծիծեռնակաբերդի բարձունքից։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ անհատներին, կազմակերպություններին, գերատեսչություններին՝ ամեն ինչ հավուր պատշաճի բարձր մակարդակի վրա անցկացնելու համար»,-նշել է նա:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նաև մեր հայրենակիցներին, որոնք իրենց վիրտուալ ներկայությամբ մասնակցել են սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչմանը։ «Ուժեղ ենք միասին»,-եզրափակել է Մարությանը:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ապրիլի 23-24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվել, որոնք եզրափակվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին իրականացված գեղարվեստական ծրագրով:

Համերգին հանդես են եկել հանրապետության լավագույն մենակատարները՝ Նարեկ Հախնազարյանը, Լիանա Ալեքսանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հայկ Մելիքյանը, Վահագն Հայրապետյանը և այլք: Ելնելով արտակարգ իրադրության թելադրած պայմաններից՝ հանրապետության երաժշտական կազմակերպությունները ներկայացել են փոքր խմբերով։ Համերգային երեկոյին ելույթ են ունեցել նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերի գործիքային անսամբլները, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային երգչախմբերի վոկալ անսամբլներն ու մենակատարները։

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում