ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 18-ին, ժամը 13:20-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սնխ» կոչվող հանդամասում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել՝ 17:55-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխի 22 հրշեջ-փրկարար և գյուղի 3 բնակիչ: