Պաշտոնական

Ոստիկանության բարեփոխումների առանցքում են լինելու ՆԳՆ-ի ու պարեկային ծառայության ստեղծումը

3 րոպեի ընթերցում

Ոստիկանության բարեփոխումների առանցքում են լինելու ՆԳՆ-ի  ու պարեկային ծառայության ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետին մանրամասն ներկայացվել են բարեփոխումների շրջանակում 2020-2022 թվականներին նախատեսվող գործողությունները: Բարեփոխումների առանցքում են լինելու Ներքին գործերի նախարարության ու պարեկային ծառայության ստեղծումը: Ռազմավարությամբ առաջարկվում է բարեփոխումների հետևյալ առաջնահերթ ուղղությունները. ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում, պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, նախաքննության արդյունավետության բարձրացում, հասարակական կարգի պահպանություն, համայնքային ոստիկանության վերաիմաստավորում, ոստիկանությունում ծառայության գրավչություն, կադրերի պատրաստում և մասնագիտական զարգացում, մարդու իրավունքների պաշտպանության բարելավում, թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովում:

Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել վերը նշված առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ նախատեվսող աշխատանքներին ու միջոցառումներին, գործողությունների հերթականությանը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացումն ու ոստիկանության ծառայողի նոր կերպարի ձևավորումը: «Ոստիկանությունում ծառայությունը պետք է դարձնել գրավիչ և համակարգն ապահովել բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կադրերով»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ընդգծելով նաև սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը: Անդրադառնալով ճանապարհային երթևեկության հսկողությանը՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ քաղաքականությունը պետք է լինի ոչ թե քաղաքացիներին տուգանելը՝ այլ կանոնների խախտման կանխարգելման ուղղությամբ միջոցառումների իրականացումը: «Մեր այս ծրագիրը մեծ կարևորություն ունի, և ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ այն իրականացնենք նախանշված ժամկետներում»,- նշել է վարչապետը և պատասխանատուներին տվել ռազամավարությունն իրականացնելու հետ կապված կոնկրետ հանձնարարականներ:

Ռազմավարությամբ նախատեսվում է, որ պարեկային ծառայությունն սկսելու է գործել արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում