Բացառիկ համերգային ներկայացումներ, մարտահրավերներ. Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ օնլայն հարթակում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյան, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) արտակարգ դրության պայմաններում գործունեություն է ծավալում առցանց հարթակում՝ կազմակերպելով հետաքրքիր երաժշտական մարտահրավերներ, ներկայացնելով նվագախմբի փայլուն ելույթները, որոնք գրավում են արվեստասերների լայն շրջանակին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նվագախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Դալլաքյանն ասաց, որ վերջերս Ֆիլհարմոնիկի «Ֆեյսբուք»­ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութը, որը կայծակնային արագությամբ տարածվել է համացանցում և աննախադեպ դիտումներ գրանցել, ‹‹Ֆիգարոյի ամուսնության›› նախերգանքն էր:

«Նվագախմբի մի խումբ երաժիշտներ հեռավար նվագում են Մոցարտի այս անմահ ստեղծագործությունը: Այն իրականացրինք Armenian National Music-ի հետ համատեղ: Նախերգանքն ընդամենը չորս րոպե է տևում և այնքան հաճելի է լսել: Պետք է շեշտել, որ տիտանական աշխատանք է կատարված: Վստահ եմ, որ այն արտակարգ դրության ավարտից հետո էլ չի կորցնի իր արդիականությունը: Մեր էջում այժմ ընթանում է #ՇնորհակալությունԲուժաշխատողին մարտահրավերը, որին անհատական տեսաուղերձներով ու կատարումներով միացել են մեր նվագախմբի երաժիշտները և հայտնի արտիստներ, ինչպիսիք են դաշնակահար Սիմոն Տռպչեսկին՝ Մակեդոնիայից, օպերային երգչուհիներ Ռուզան Մանթաշյանը՝ Ուկրաինայից, Լիանա Ալեքսանյանը, որ այժմ Երևանում է, անվանի դաշնակահարուհի Վարդուհի Երիցյանը՝ Ֆրանսիայից և այլք»,-նշեց Դալլաքյանը:

Նրա խոսքով՝ այս օրերին ունկնդիրը կարող է բացահայտել նվագախմբի յուրաքանչյուր երաժշտի անհատապես, քանի որ շատերն առանձին կամ երկու-երեք հոգանոց անսամբլներով կարճ տեսագրություններ են անում՝ կատարելով Բախի, Շուբերտի, Հենդելի նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, ցուցադրում են վիրտուոզ կատարողական տեխնիկա և ձայնագրության յուրահատուկ հնարներ: Տեսանյութերում նաև հորդորում են ունկնդիրներին մնալ տանը, լսել լավ երաժշտություն և չվտանգել իրենց և շրջապատի առողջությունը:

Աստղիկ Դալլաքյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 7-ին Ֆիլհարմոնիկի մի խումբ երաժիշտներ համերգ ունեցան 15-րդ թաղամասի բակերից մեկում: «Համերգը, բնականաբար, նվիրված էր մեր մայրերին և քույրերին: Այն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով և մեծ արձագանք գտավ: Այս պահին համացանցում մոտ 300 000 դիտում ունի: Մեր էջում նույնպես բոլոր տեսանյութերի դիտումներն ու օգտատերերի արձագանքը դրանց նկատմամբ եռապատկվել, անգամ քառապատկվել է»,-ընդգծեց Աստղիկ Դալլաքյանն ու տեղեկացրեց, որ մինչ օրս առցանց ցուցադրել են Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան, Վիվալդիի «Տարվա չորս եղանակները» ջութակի կոնցերտը՝ հայտնի ջութայկահար Անուշ Նիկողոսյանի և «Ասոնանս» անսամբլի կատարմամբ, ներկայացրել են թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, ջութակահար Խաչատուր Ալմազյանի և ՀԱՖՆ-ի կատարմամբ Ջիովանի Սոլիմայի «Tarantulae Cadenzas» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան և աշխարհահռչակ Գոտիե Կապյուսոնի համերգը:

Հետագայում ցուցադրվելու են Չայկովսկու 5 և 6-րդ սիմֆոնիաների բացառիկ ձայնագրությունները՝ Թոփչյանի ղեկավարությամբ և Դվորժակի 9-րդ սիմֆոնիան՝ դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ:

«Ինչպես գիտեք, այս տարին Ֆիլհարմոնիկ նվագախմբի համար հոբելյանական է՝ լրանում է ՀԱՖՆ-ի գործունեության 95­ամյակը: Շատ կարևոր համերգներ և միջոցառումներ հետաձգվեցին: Սպասում էինք հյուրընկալել մեծանուն դիրիժորներ Անդրեյ Բորեյկոին, Չարլզ Դյութուաին, բանակցություններ էինք վարում աշխարհահռչակ Ռիկարդո Մուտիի հետ: Հուսով ենք՝ դեռ ամեն ինչ կհասցնենք իրականացնել: Այս տարի ողջ աշխարհը նշում է Բեթհովենի 250-ամյակը, մենք նույնպես միացել ենք այդ տոնակատարությանը՝ ‹‹Ուխտագնացություն դեպի Բեթհովեն›› մեկամյա փառատոնով: Տարվա ընթացքում ծրագրել ենք ներկայացնել նրա գրեթե բոլոր սիմֆոնիաներն ու կոնցերտները՝ այլ հարակից միջոցառումների ուղեկցությամբ: Արտակարգ իրադրության պատճառով հետաձգեցինք նաև այս փառատոնի մեկնարկը: Լիահույս ենք, որ այս իրավիճակի ավարտից հետո նոր թափով կանցնենք աշխատանքի, կհասցնենք իրականացնել մեր ծրագրերը և բազում հաճելի երաժշտական երեկոներ կպարգևենք մեր ունկնդրին»,-եզրափակեց Դալլաքյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում